Երևանում լեսբուհիները դաժան ծեծի են ենթարկել ուսանողուհու

Hraparak.am-ը գրում է. Երեկ զարհուրելի դեպք է տեղի ունեցել Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում։ Երկրորդ կուրսի ուսանողուհիներից մեկին ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք։ Ականատեսներ չեն եղել: Դիմակավորների մուտքը բուհի տարածք ոչ ոք չի նկատել: Իր նկատմամբ իրականացված բռնության մասին պատմել է ուսանողուհի Լ․-ն: Դեպքի մասին մեզ տեղեկացրին Լ․-ի համակուրսեցիները։ Նրանք պատմեցին, որ աղջիկը մոտ մեկ ամիս շարունակ ընկերներին պատմել է, թե անհայտ անձից սպառնալից նամակներ է ստանում սոցցանցով՝ տարբեր անանուն էջերից, իսկ երեկ հերթական նամակն է ստացել, որում գրված է եղել մոտավորապես հետեւյալը․ «Եթե ուզում ես իմանալ, թե ով էր քեզ էսքան ժամանակ գրում, արի հինգերորդ հարկի լսարան»։

Նա պատմել է, որ բարձրացել է վերեւ եւ դատարկ լսարանում տեսել դիմակավորված անձանց, որոնք էլ դաժան հաշվեհարդար են տեսել աղջկա հետ։ Նրա թեւին գրել են անգլերեն «die», ինչը նշանակում է՝ «մահացիր»։ Լ․-ն ցույց է տվել այդ գրությունն իր ընկերներին, նաեւ նամակները, որոնք ստացել է անհայտ անձից: Ուսանողները մեզ տեղեկացրին, որ աղջկան տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանությունը հաստատեց ծեծի վերաբերյալ տեղեկությունը։ «Ունենք ահազանգ, որ Բրյուսովի անվան համալսարան։ Ներկայումս նա ոստիկանության Կենտրոնի բաժնում է, նրա հետ աշխատում են»,- մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության բաժնից։ Մեր տեղեկություններով, հիվանդանոցում աղջկա մոտ ինչ-որ վնասվածքներ են հայտնաբերել եւ արձանագրել։ Սակայն նա չի մնացել հիվանդանոցում, գնացել է ոստիկանություն, որտեղ սկզբում տարօրինակ վարք է ցուցաբերել՝ ասել է, որ ոչինչ չի հիշում։ Համալսարանի ներկայացուցիչն ուղեկցել է ուսանողուհուն հիվանդանոց եւ ոստիկանություն։

Լ․-ի համակուրսեցիներից պարզեցինք, որ նա պարբերաբար հայտնել է ինչ-որ անձից ստացված սիրային նամակների մասին: Նամակագրի սեռն անգամ նրան պարզ չի եղել։ «Անանուն մեկը սիրո խոստովանություն է իրեն արել։ Հնարավոր է, որ նամակներ գրողն աղջիկ էր՝ սեռական որոշակի կողմնորոշում ունեցող»,- ասաց Լ․-ի ընկերներից մեկը։ Որոշ նամակներում գրված է եղել․ «Չեն կարող ինձ բռնել», կամ՝ «Ում ուզում ես, ասա, ես չեմ վախենում»։ Աղջիկը վերջերս նույնիսկ դիմել է ոստիկանություն, անվտանգության մարմիններ։ Սակայն իրավապահներին չի հաջողվել պարզել, թե որ դոմենից են եկել հաղորդագրությունները։

Ավելի ուշ տեղեկացանք, որ Լ․-ի ընկերուհին երեկ նույնպես սպառնալից նամակ է ստացել, որում գրված է եղել․ «Հաջորդը դու ես»։ Ք․-ն եւս ոստիկանություն է գնացել եւ բացատրություն տվել որպես Լ․-ի ընկերուհի: Ք․-ն նույնպես, ըստ որոշ տվյալների, սիրային նամակներ է ստացել եւ մերժել է նամակագրին։ Չի բացառվում, որ երկու աղջիկներից բացի, այլ աղջիկներ եւս սպառնալիքներ ստացած լինեն։ Լ․-ի ընկերները կասկածում են, որ ուսանողուհուն ծեծողները լեսբուհիներ են եղել։

Դեպքի կապակցությամբ զրուցեցինք Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ։ «Միակ բանը, որ գիտենք, այն է, որ նրան երկար ժամանակ տարբեր հեռախոսահամարներից սպառնալից հաղորդագրություններ են գնացել։ Ծնողները ժամանակին դիմել են ոստիկանություն եւ ԱԱԾ, որ պարզեն, թե ով է ուղարկում դրանք, բայց մինչեւ այս դեպքը չեն պարզել: Դեպքից անմիջապես հետո ես զրուցեցի նրա հետ՝ մեր բուժկետում, որտեղ նրան առաջին օգնությունն են ցուցաբերել։ Նա ասաց, որ առավոտյան նրան հաղորդագրություն է եղել, որ եթե ուզում ես իմանալ, թե ով է ուղարկում քեզ նամակները, բարձրացիր 5-րդ հարկի լսարան։ Մենք հրավիրեցինք շտապօգնություն։ Աղջիկը հուզված, սթրեսային վիճակում էր։ Նա հարված էր ստացել որովայնի շրջանում եւ գլխացավ ուներ։ Բժիշկները որոշեցին նրան տեղափոխել հիվանդանոց, որ հանգստացնող դեղամիջոցներ տան, նաեւ՝ հետազոտման նպատակով»,- ասաց ռեկտորը։ Ք․-ի՝ հաղորդագրություն ստանալու մասին ռեկտորը չգիտեր։ Ըստ Կարինե Հարությունյանի, Ք․-ն չի հայտնել, որ իրեն եւս սպառնացել են։

Օրվա վերջում կատարվածի վերաբերյալ մի նոր վարկած մեզ հասավ ոստիկանական աղբյուրից: Ըստ դրա՝ Լ․-ն ոստիկանության բաժնում խոստովանել է, որ հորինել է ծեծի պատմությունը, իսկ նրա ծնողները հայտնել են, որ աղջիկը հոգեբանական վատ վիճակի մեջ է եւ խնդիրներ է ունեցել: Այսօր ոստիկանությունը պատրաստվում է հաղորդագրություն տարածել, որ Բրյուսովի համալսարանում ուսանողուհու ծեծ չի եղել։

**ՀԳ**․ Սույն հրապարակումը մեր կայքում տեղադրելուց հետո սոցցանցերում մեղադրանքներ հնչեցին լեսբուհիների իրավունքները խախտելու մեջ, մինչդեռ, եթե կատարվել է հանցագործություն, ինչը միանգամայն հնարավոր է, դեպքն ընկալելու համար կարեւոր է տեղեկացնել դրա հնարավոր դրդապատճառի մասին։ Չի բացառվում, որ կատարվածի պատճառը մերժված սիրային առաջարկներն են եղել, իսկ կատարողները կամ նրանցից առնվազն մեկը, ըստ բուհի ուսանողների, աղջիկ է։