ՊԵԿ-ի օրինական գործողությունները աբսուրդ են պիտակում. Իրականում ով է ում «գլխին սարքում»

Նախորդ շաբաթվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ կիսելով իր ոգևորությունն ու տեղեկացնելով, որ երկրում տպագրվող ՀԴՄ կտրոնների թիվը զգալիորեն ավելացել է նախորդ տարվա համեմատ: Ներկայացնելով ցուցանիշները՝ վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն հայնեց ՀԴՄ կտրոն տպող ձեռներցերին ու վստահեցրեց՝ հենց այդ գումարների շնորհիվ է բարձրանում օրինակ՝ Հայոց բանակում աշխատավարձերը: Ու չնայած այս փաստարկներին, ՀԴՄ կտրոն պահանջելու և տպելու գրեթե ամենօրյա հորդորներին, դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են, թե ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տնտեսվարողին տուգանելը «գլխին սարքել է»:

Մասնավորապես, այսօր առավոտյան մամուլում լուրեր տարածվեցին, թե մի ընկերություն մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ է տուգանվում «ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատրվակով»: Լուրը տարածողները իրավախախտում հայտնաբերելն ու օրենքով սահմանված կարգող  պատասխանատվության ենթարկելը «պատրվակ» որակեցին ու կապեցին Սևանի հարկային ծառայողներին կաշառք տալու վերաբերյալ հաղորդման հետ:

Այս դեպքում ստացվում է, որ եթե տնտեսվարողը կաշառքի մասին հաղորդում է տվել, կարող է իր առաքելությունը կատարած համարել ՝  արտոնյալի կարգավիճակով ՀԴՄ կտրոն չտպել, աշխատակիցներին չգրանցել, արհարմարհել իրավասու մարմինների հորդորներն ու դրա համար չկրել որևէ պատասխանատվություն:

Զերծ մնալով այս դեպքին որևէ գնահատական տալուց՝ այնուամենայնիվ, նկատենք, որ կաշառքի կամ որևէ այլ գործով հաղորդում տալուց հետո տնտեսվարողն իրեն չի ապահովագրում հարկային մարմնի ստուգումներից: Այլ անձանց կատարած ապօրինությունները նկատելը, դրանց վերաբեյալ հաղորդում տալը, բնականաբար, գովելի է, բայց չի խրախուսվում՝ սեփական խախտումները ներելով:

Իսկ առհասարակ օրինական աշխատելու դեպքում ՊԵԿ-ը մեծ ցանկության դեպքում անգամ չի կարողանա տնտեսվարողի մոտ իրավախախտում հայտնաբերել, վատագույն դեպքում, եթե տնտեսվարողը նման մտավախություն ունի, կարող է պաշտպանել իր իրավունքները՝ օրենքով սահմանված կարգով:

HotNews.am