Ինչո՞ւ է հատկապես Հայաստանում անհրաժեշտ միացնել Facebook-ի անվտանգության լրացուցիչ միջոցները

 

  1. Սոցիալական կայքերում անվտանգության ապահովումը կրկին դարձել է շատ կարևոր թեմա, և հատկապես՝ Հայաստանում:
    Այն, որ սոցցանցերում, հատկապես՝ Facebook-ում, պետք է զգույշ լինել անձնական տվյալների հետ, ասվում է արդեն մի քանի տարի շարունակ, սակայն օգտատերերի մեծ մասն այդպես էլ չի կարևորում անվտանգությունը և նախընտրում է արագ և հեշտ լուծումները:

Արդյունքում՝ մի շարք հայաստանյան ֆեյսբուքյան էջեր հայտնվում են ադրբեջանական հաքերային կազմակերպությունների թիրախում: Տեղեկատվական անվտանգության մասնագետները բարձրաձայնում են, որ վերջերս հայկական էջերը կոտրելու և յուրացնելու մի շարք փորձեր են արվել, որոնք մեծամասամբ ավարտվել են հաջողությամբ:

Ամենաթարմ օրինակներից է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի թվիթերյան էջը կոտրելը:

Հարց է առաջանում, թե ի՞նչ անել այս դեպքում և ինչպե՞ս պաշտպանել սեփական հաշիվները:

Ի՞նչ է առաջարկում Facebook-ը

Սոցիալական ցանցը, որը երբեք աչքի չի ընկել օգտատերերի անձնական տվյալների ապահով պահպանմամբ, առաջարկում է անել ստանդարտ քայլեր՝

Պաշտպանել գաղտնաբառը

Ոչ ոքի չհաղորդել անձնական տվյալները, կամ՝ մուտքանունն ու գաղտնաբառը

Չընդունել այն մարդկանց ընկերության առաջարկները, ում անձամբ չեք ճանաչում

Զգուշանալ վտանգավոր ծրագրային ապահովումներից

Երբեք չանցնել տարօրինակ և անծանոթ հղումներով, անգամ, եթե դա ուղարկել է ձեր մտերիմ ընկերը կամ ծանոթը

Օգտագործել անվտանգության լրացուցիչ միջոցներ

Վերջին կետի մասին ավելի մանրամասն խոսել ենք տեղեկատվական անվտանգության ոլորտի բլոգեր, ծրագրավորող Սամվել Հայրապետյանի հետ:

«Անվտանգության լրացուցիչ միջոցներ» ասելով՝ սոցիալական ցանցն առաջին հերթին՝ նկատի ունի երկփուլային անվտանգությունը, որը չի թողնում օտար մարդկանց և համակարգերին մուտք գործել ձեր անձնական հաշիվ՝ մինչև ձեզնից լրացուցիչ անձնական կոդ չակտիվացնելը: Սոցիալական ցանցն ամեն անգամ նոր կոդ է ուղարկում այն համարին, որի վրա գրանցված է էջը, ինչպես նաև սմարթֆոնի հասանելի չլինելու դեպքում, նախապես առաջարկում է պահպանել մի շարք ռեզերվային կոդեր, որոնք հնարավոր է կիրառել հետագայում: