Հին հոտեր եմ առնում. Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սասուն Գրիգորյանը՝ ենթաշտաբերից մեկի պետի մեքենան ու բնակարանը հրկիզելու միջադեպի մասին

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Սասուն Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկվա միջադեպին, որ հրդեհել էին Աբովյանի քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբերից մեկի պետի մեքենան ու բնակարանը, չցանկացավ մեկնաբանություններ տալ ՝ նշելով, որ երևի վաղը կանդրադառնան դրան: «Հին հոտեր եմ առնում»,-ասաց նա:

Ըստ նրա, թեև այդ միջադեպը չի անդրադառնա ընտրական պրոցեսի վրա, բայց գտնում է, որ անողը նպատակ ունեցել է, որ անդրադարձ ունենա: «Հուսով եմ, որ աբովյանցին այսօր կապացուցի, որ իր քաղաքական, քաղաքացիական գիտակցությունը այնքան բարձր է, որ ճիշտ ընտրություն կանի»-ասաց նա:

Սասուն Գրիգորյանը նշեց, որ այս պահին տեղեկություններ խախտումների վերաբերյալ չի ստացել: «Հուսով եմ՝ նորմալ կընթանա մինչև երեկո: Դեռ հանգիստ է, տեսնում եք՝ այրված, տրաքած բաներ չկան»,-ասաց նա և նշեց, որ քվեարկում է Աբովյանի ապագայի համար:

 

tert.am