ՌԴ ՔԿ-ն հրապարակել է Մերձմոսկովյան շրջանում նախկին հատուկջոկատայինի սպանության կասկածյալներից մեկի հարցաքննության կադրերը (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հրապարակել է Մերձմոսկովյան շրջանում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության կասկածյալներից մեկի հարցաքննության կադրերը: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ՔԿ կայքից:

Տեսանյութում տղամարդը, որն ըստ տարբեր լրատվամիջոցների հայ է, հայտնում է միայն իր ծննդյան ամսաթիվը և լռում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ Մերձմոսկովյան շրջանում Նիկիտա Բելյանկինի սպանության կասկածյալներից երկուսը ձերբակալվել են: Հաղորդվում է, որ նրանք ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացիներ են՝ ծնված 1977 և 1982 թվականներին:

Պետրենկոն մանրամասնել է, որ այժմ իրավապահները փորձում են պարզել նրանցից յուրաքանչյուրի ունեցած դերակատարումը: Ձերբակալվածները խուզարկվել են: Ընդհանուր առմամբ, հարցաքննվել է 50 վկա:

Պետրենկոյի փոխանցմամբ՝ արդեն հայտնի են կատարվածի բոլոր մասնակիցները, նրանց հետ աշխատում են քննիչները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գլխավոր կասկածյալը տեղի «Բիր Հաուս» սրճարանի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որը լքել է Ռուսաստանն ու մեկնել Երևան:

Հիշեցնենք, որ 24-ամյա Նիկիտա Բելյանկինը սպանվել է մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում: Երիտասարդը փորձել է օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող երկու մարդու, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել:

 

tert.am