«Իմ սիրտն այս կողմում է». Պոզները` Արցախի, Բաքվի «սև ցուցակի» և Փաշինյանի մասին

Պոզները պատմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումից ստացած տպավորությունների մասին` նրան անվանելով համակրելի մարդ, որի հետ հաճելի է զրուցելը։

 Հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները զղջում է, որ վերջերս Հայաստան կատարած այցելության ժամանակ չի կարողացել ժամանակ գտնել և մեկնել Արցախ։ Այդ մասին նա ասել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Պոզները նշել է, որ մեծ համակրանքով է վերաբերվում Հայաստանին ու հայերին, նրանց համարում է շատ խելացի։ Հայտնի լրագրողին գրավում է դժվարին պայմաններում հայերի ապրելու և վերապրելու յուրահատուկ ընդունակությունը։ Նրան դուր է գալիս այսքան դժվարությունների միջով անցած այս ազգի կենսուրախությունը։

«Ցավոք, ես չեմ եղել Լեռնային Ղարաբաղում։ Հաճույքով կմեկնեի, չեմ հասցրել։ Կգնայի, որպեսզի արտահայտեմ իմ դիրքորոշումը, որպեսզի բոլորը, այդ թվում` պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ իմ սիրտն այս կողմում է, ոչ թե այն», – նշել է Պոզները։

Միաժամանակ, Պոզները հայտարարել է, որ իրեն չի հուզում Բաքվի «սև ցուցակը», ավելին, այն իր մոտ միայն ժպիտ է առաջացնում։

«Ասենք թե ինձ ներառեն սև ցուցակում, և ի՞նչ։ Կարծում եմ, որ ես կշարունակեմ հանգիստ քնել գիշերները», – նշեց լրագրողը։

Պոզները նաև պատմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումից ստացած տպավորությունների մասին։ Նրա խոսքով` կառավարության ղեկավարի համար շարունակում է կարևոր մնալ իր` լրագրողի մասնագիտությունը։

«Ես նույնիսկ ցանկացա նրան ասել, որ չի կարելի լինել միաժամանակ լրագրող և վարչապետ։ Նա շփման մեջ շատ հասարակ մարդ է, նրա հետ հաճելի է զրուցելը։ Նա կարողանում է լսել, իսկ դա հազվադեպ է լինում նման կարգավիճակ ունեցող մարդկանց դեպքում։ Նա շատ համակրելի մարդ է», – ասել է Պոզները։

Պոզները Հայաստան էր ժամանել մայիսի 22-ին։ Հինգշաբթի նա վարպետության դաս անցկացրեց Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանում ուսանողների համար, այնուհետև` երեկոյան տեղի ունեցավ նրա` «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

armeniasputnik.am