Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում անդրադարձել է Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումներին: Լրագրողների հետ զրույցում ասել է.

«Արսեն Ջուլֆալակյանն ու հայրն ասել են, որ չի համապատասխանում իրականությանը, ներկայացել էին ոստիկանություն, որպեսզի հասկանային, թե ինչի մասին է խոսքը, պարզաբանել էին, թե Արսեն Ջուլֆալակյանի ընկերոջ հետ ինչ խոսակցություն չի եղել: Հաստատում եմ, որ նման խոսակցություն չի եղել: Որքանով հրապարակվել է մամուլում, որևէ վնասվածք քաղաքացին չի ստացել, հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետևանքով, մնացյալին վերաբերողը քաղաքական տիրույթում չէ»,- ասել է նա:

Լրագրողները նրան հարց են ուղղել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին:

«Ինձ համար սկզբունք է, որ եթե կան բաներ, որ մեկնաբանությունների տեղիք են տալիս ու հստակ չեն, առնչվում են իրավական տիրույթին, պետք է օրենքը կարգավորի, քննարկում չի եղել, չգիտեմ Գագիկ Ծառուկյանի տեսակետը և որևէ փուլում չեմ ուզում ասել, որ բացառում եմ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը»:

Անդրադառնալով ԱԺ-ի ամբիոնից հնչած հայտարարություններին, իշխանության և բիզնեսի սերտաճման հետ կապված մեղադրանքներին, ասել է.

«Երբ մենք խոսում ենք օլիգարխիայի մասին, պիտի հստակ սահմանենք, թե ինչ է նշանակում «օլիգարխիա», նշանակում է իշխանության և բիզնեսի սերտաճում, կառավարող ուժը, որը կա ՀՀ-ում, այդտեղ օլիգարխիա չկա, սա խնդրում եմ արձանագրեք, որ ՀՀ-ում չկա իշխանության և բիզնեսի սերտաճում, ինչ վերաբերում է բիզնես-շահեր հետապնդելուն և օրենսդրական գործունեություն ծավալելուն, օրենքը ասում է` ինչ պետք է լինի: Հայտարարությունները, որ հնչել են ԱԺ ամբիոնից, մտահոգություն են առաջացրել մեզ մոտ, որ եթե դա իրականությանը չի համապատասխանում, ապա նման հայտարարություն չպետք է արվի: Եթե արվում է, ողջամիտ կասկածների տեղիք է տալիս, ուրախ եմ, որ այս պահին հարցի քննությունը գտնվում է իրավական դաշտում, կարևոր է իմանալ, թե ինչ եզրակացություն է լինելու, առաջարկում եմ սպասել»: