Ամփոփվեցին #sutNikol նախաձեռնության դրամահավաք-մրցույթի արդյունքները. հատուկ մրցանակ տվեցին նաև Նիկոլ Փաշինյանին

#sutNikol նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը և Արթուր Դանիելյանն այսօր ամփոփեցին ավելի վաղ հայտարարած դրամահավաք-մրցույթի արդյունքները:

Պատկերազարդում անվանակարգում մրցանակ ստացավ Արամ Գևորգյանը, լավագույն տեքստ անվանակարգում՝ Գագիկ Ուրումյանը, իսկ տեսանյութի հաղթողը չէր ցանկացել գալ մրցանակաբաշխությանը, ինչպես նաև խնդրել էր իր մրցանակը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Մենք կփոխանցենք, բայց կխնդրենք, որ Նիկոլ Փաշինյանը չհաշվի, թե 480 աշխատատեղ է բացվել»,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Երկու հատուկ մրցանակ՝ 500 դոլար, հանձնեցին նաև ժյուրիի համակրանքը վայելած Վարդուհի Մխիթարյանին՝ նկարի համար, և ևս մեկ հատուկ մրցանակ՝ Նիկոլ Փաշինյանին՝ իր «լայվերի» համար և 250 դոլարին համարժեք դրամ: Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է երեք աշխատանքային օրվա ընթացքում գալ և ստանալ գումարը, իսկ եթե չգա, կփոխանցեն Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Արթուր Դանիելյանն էլ հավելեց. մեկ տարի առաջ ստի հիման վրա սահմանադրական կարգի հեղաշրջում կատարեցին: «Իշխանության սրբության շղարշը սկսեցինք ցրել և արդեն նկատում ենք, որ իշխանության ներկայացուցիչները բովանդակային դիսկուրսի մեջ փորձում են ներկայացնել վիճակագրություն, ինչը դեռ չի ստացվում, բայց փորձեր կան՝ հիմնավորել իրենց խոստումները, սա արդեն դրական տեղաշարժ է: Խոսակցություններ կան, թե ռեպրեսիաներ են սկսում, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ դրա ռեսուրսն ունի, ոչ էլ կազմակերպման ունակությունը: Նա ռեպրեսիաների չի կարող գնալ, դա է միակ պատճառը, որ չի անում, հենց կարողանա, կանի»,- ասաց նա:

Նարեկ Սամսոնյանն էլ հավելեց.

«97 հանգանակող ունենք մեկ շաբաթվա մեջ, հավաքվել է 2 միլիոն 700 հազար դրամի մրցակցային ֆոնդ, դեռ 460 հազարի չափով մնացել է, որը կուղղվի մյուս նախաձեռնություններին»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ Ֆեյսբուքում շատ օգտատերեր նշում են, որ նախաձեռնությունը գումար ստանում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, Նարեկ Սամսոնյանը պատասխանեց.

«Ֆեյսբուքի ո՞ր օգտատերերը, ՊՈԱԿ-ից «քշվո՞ղ», թե՞ ծրարով աշխատող: Այս մարդկանց ասածներին որ լուրջ վերաբերվեինք, հիմա Ալեքսանդր Սարգսյանի 50 տոկոսները բոլորը հանել ու ցույց էին տվել: Եթե մենք փող վերցնեինք, եթե ես չասեի, ապա Արթուր Դանիելյանը հաստատ կասեր»:

Արթուր Դանիելյանն էլ նկատեց. «Հայաստանում մարդիկ այնքան անճար են, որ անպայման Ռոբերտ Քոչարյանի՞ն պետք է դիմեն»:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին «Սուտ Նիկոլ» նախաձեռնության անդամներն ասուլիսի ժամանակ հայտնել էին, որ որոշել են հայտարարել մրցույթ այն քաղաքացիների համար, ովքեր կարող են ՀՀ վարչապետի ամենամեծ սուտը ներկայացնել արվեստի միջոցով։