Ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանությունից ժառանգություն է, ամոթ է, 7 ամիս է իշխանություն եք, մի բան էլ դուք արեք. Թեհմինա Վարդանյանը` քաղաքապետին

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը այսօր ավագանու հերթական նիստին նշեց, որ ըստ ներկայացված նախագծի` շուտով Երևանը դառնալու է աղբահանության երկրորդ օպերատոր: Նա աղբավայրի վերաբերյալ հարց տվեց, հետարքրքվեց, թե ինչ են քննարկել «Սանիթեքի» հետ և երբ հարցը երկարեց, քաղաքապետը կոչ արեց կոնկրետ ձևակերպել, իսկ Թեհմինա Վարդանյանը նշեց. «Ես հականում եմ, որ ձեզ անհանգստացնում և ներվայնացնում է հարցը, բայց այնուամենայնիվ ես դա տալու եմ»: Նա նշեց, որ իրենք այն խմբակցությունն ենք, որ առաջինն են բարձրաձայնել «Սանիթեքի»  թերացումների մասին:

«Վեց ամիս շարունակ բանակցել եք, դուք անընդհատ շեշտել եք, որ քննարկումների փուլում եք: Ինչի՞ մասին եք քննարկել: Մենակ ասում եք, որ զուգարանները պետք է թափանցիկ չլինեն, մնացած ամեն ինչ թափանցիկ է, հրապարակե՛ք, ինչի՞ մասին է քննարկումները:

Քաղաքապետի նույնաբովանդակ արձագանքից հետո Թեհմինա Վարդանյանը լրագրողներին կոչ արեց ֆիքսել, որ քաղաքապետը խուսափում է պատասխաններից, ինչը առաջացրեց քաղաքապետի, որոշ անդամների ծիծաղը: «Այստեղ իրոնյայի բան չկա, դո՛ւրս եկեք այս մանկապարտեզի տարիքից, հարգելի՛ գործընկերներ»,-ասաց Թեհիմա Վարդանյանը:

Հայկ Մարությանը կոչ արեց մնալ կոռեկտության սահմաններում, հիշեցրեց՝ ավագանու անդամը մեկ հարցի իրավունք ունիև  հորդորեց հասկանալի ձևակերպել հարցը: «2,3,4 լղոզված հարց եք տալիս, մարդ չգիտի՝ որին պատասխանի: Բոլոր պրոցեսները թափանցիկ են, մեր հանրությունը գիտի»,-ասաց նա:

Քաղաքապետն աղբավայրի հետ կապված նշեց, որ նոր աղբավայր են կառուցում և դա մեծ ծրագիր է՝ 26 մլն եվրոյի չափով, որից 10 մլն-ը դրամաշնորհ է: «Կապված աղբահանության հետ, մենք գնում ենք նրան, որ աղբահանության հարցը լուծվի, ցավոք սրտի, երբ նոր ավագանու կազմը հաստատվեց, Երևանը չափից դուրս խնդիրներ ուներ: Մենք սա ստացել ենք որպես ժառանգություն և մենք սրա լուծումը տալիս ենք»,-ասաց նա:

Ըստ նրա, եթե դատարանում լինեին, կկարծեր, թե Թեհմինա Վարդանյանը «Սանիթեքի» ներկայացուցիչն է:

«Ես ձեզ թույլ եմ տվել ինձ նման բանում մեղադրել, ասեք՝ ինչի՞ մասին է եղել ձեր քննարկումը: Թարգե՛ք այդ մշակույթը, որ արդեն ձյուն էլ է գալիս, ասում եք նախկին իշխանությունից ժառանգություն է, մի քիչ ամոթ է, հերիք է, արդեն 7 ամիս է քաղաքային իշխանություն եք, մի բան էլ դուք արեք »,-ասաց նա և քաղաքապետը կոչ արեց մնալ կոռեկտության սահմաններում: