Ի վերջո ստիպված եղա կանխիկ գնել հեռուստացույցը. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված է եղել կանխիկ գնել հեռուստացույցը, քանի որ հաշվի վրա կալանք է դրված եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Արարատ Միրզոյանը:

«Իմ հաշվին կալանք էր դրվել, որովհետև ոչ ճիշտ վայրում մեքենան կայանելու համար տուգանք էր եկել, որին ժամանակին չէի հետևել, վճարել, և ԴԱՀԿ-ն արել էր այն, ինչ պետք է աներ, բայց տուգանքն արդեն վճարել եմ»,- հայտնեց նա:

Հարցին, թե կանխիկ այդքան գումար չունեի՞ք, որ փորձում էիք ապառիկով հեռուստացույց գնել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Մարդիկ աշխարհում այդպես են անում, կանխիկ գումարով չեն առնում որևէ իր, առնում են ապառիկով: Իսկապես այդպես հարմար է, բայց ի վերջո ստիպված եղա կանխիկ գնել հեռուստացույցը»:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին ԱԺ-ում քննարկման ժամանակ Ազգային ժողովում Միրզոյանը հայտարարել էր, որ իրեն «Զիգզագ» խանութում ապառիկով հեռուստացույց չեն տվել, քանի որ ԴԱՀԿ-ն իր հաշիվների վրա կալանք էր դրել։