«Այս հայտարարությունը համարում եմ Ցեղասպանության դատապարտման հարցում մեր խորհրդարանական դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից մեկը». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չորս տարի առաջ այսօրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԵԽԽՎ պատվիրակները գրավոր հայտարարություն տարածեցին՝ հիշատակի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին եւ դատապարտելով մարդկության դեմ ուղղված հանցագործությունները եւ ցեղասպանությունը։

Հայտարարությունը ստորագրել էին 174 պատվիրակներ, եւ ինչը հատկապես կարեւոր էր՝ ԵԽԽՎ ԲՈԼՈՐ հանձնաժողովների եւ ԲՈԼՈՐ քաղաքական խմբերի ղեկավարները։ ԵԽԽՎ պատմության մեջ գրեթե բացակայում է նման դեպք, երբ գրավոր հայտարարության տակ ստորագրի այս քանակությամբ պատվիրակ 41 անդամ երկրից (այդ թվում՝ Թուրքիայից)` բոլոր քաղաքական խմբերով ու հանձնաժողովների ղեկավարներով։ Պատիվ եմ համարում, որ այդ ստորագրություններից շուրջ 100-ը հավաքելու համար առանձին-առաձին աշխատել ու բանակցել էի պատվիրակներից յուրաքանչյուրի հետ։

Հարկ է արժանին մատուցել այդ ժամանակվա ԵԽԽՎ պատվիրակությանը՝ Հերմինե Նաղդալյան, Նաիրա Զոհրաբյան, Նաիրա Կարապետյան, Վահան Բաբայան,  Լեւոն Զուրաբյան, Արմեն Ռուստամյան, Մհեր Շահգելդյան եւ ԱԳՆ այն պատասխանատուներին, ովքեր ներգրավված էին այս աշխատանքներում։

Մինչ նոր իշխանությունները քննարկում են այն հարցը, թե արդյոք ԵԽԽՎ-ն որեւէ մանդատ ունի Հայոց ցեղասպանության հարցում, խոսել, թե չխոսել այնտեղ, այս հայտարարությունը համարում եմ Ցեղասպանության դատապարտման հարցում մեր խորհրդարանական դիվանագիտության կարեւոր ձեռքբերումներից մեկը, որը կերտված հաջողության պատմություն է»։