Շատ եմ վերլուծել այդ օրվա իմ գործողությունները. վարչապետը՝ մաքսատան աշխատակցի ազատման մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերին հուզող հարցերին: Հարցերը նա ընտրում է ավելի շատ լայքեր հավաքածների հաջորդականությամբ:

Հարցերից մեկը, որի հեղինակը «Բլեք Զոն» էջն էր, աշխատանքից ազատված մաքսատան աշխատակցի մասին էր: Խնդրում էին ներել այն աշխատակցին, որը վարչապետի հորդորով դիմում գրեց եւ ազատվեց աշխատանիքց: 3700 լայք էր հավաքել այս հարցը:

«Սիրելի հայրենակիցներ, ես երեկ չէ առաջին օրը Ագային ժողովում իմացա, որ Բագրատաշենի մաքսատանը մի նոր միջադեպ է տեղի ունեցել, իսկ միջադեպի էությունն այն է եղել, որ մի քաղաքացի, ըստ ամենայնի երիտասարդ, որը ճամփորդելու փորձ չի ունեցել, մուտք է գործել ռենտգեն սարքի մեջ, որով անցնում են ուղեբեռները եւ նախատեսված չէ մարդկանց համար: Իսկ որտեղի՞ց ես ու մյուսները սա գիտենք: Որովհետեւ մաքսատան աշխատողը, աշխատողները սա նկարել էին եւ տեղադրել սոցիալական ցանցում: Ես այսօր եմ միայն հասցրել դիտել տեսանյութը, ինձ ավելի շուտ էին ուղարկել, բայց ես չեմ հասցրել ավելի վաղ նայել:

Ես տեսա, որ ոչ միայն նկարել, այլեւ հռհռում էին մաքսատան աշխատողները: Ես ինչու՞ եմ սա ասում,  համարում եմ, որ այդ դրոշի հետ կապված միջադեպը եւ այս իմ նշած միջադեպը գրեթե նույն բաներն են, նույն երեւույթի 2 տարբեր կողմերն են, որովհետեւ էս դեպքում կա նաեւ հանրային որոշակի գործոն, մարդիկ ասում են, թե էս ինչա, ազատել է պետք գործից եւ այլն, բա հիմա ինչի՞ հանենք, էդ մարդիկ էլ ընտանիք ունեն չէ՞, բա ինչի՞ հանենք, ինչի՞ էն դեպքում չհանենք, որովհետեւ ընտանիք, երեխեք ուներ աշխատողը, իսկ էս դեպքում հանենք: Մի դեպքում անարգել են քաղաքացուն, մյուս դեպքում՝ անարգել են դրոշը: Առանց դրոշի քաղաքացի չկա եւ առանց քաղաքացի դրոշ չկա, մեր երկրում պետական սիմվոլները կայացած չեն եւ ես լիարժեք եւ միանշանակ շատ եմ վերլուծել այդ օրվա իմ գործողությունները: Անկեղծ ասած, պետք է խոստովանեմ, որ ճիշտ էր իմ ռեակցիան: Գուցե այն քաղաքացու համար, որն ազատվեց աշխատանքից այդ ամենը շատ էր, դոզան շատ էր, բայց անկեղծ ասած ես այդ քաղաքացուն ոչ ճանաչում էի, ոչ գիտեի, նախկինում չէի հանդիպել, նա ինձ համար ընդամենը սիմվոլ էր պետական պաշտոնյայի, որն արարգում էր դրոշը: Ես միայն էդ մի մարդուն չեմ ազատել գործից, ես ազատել եմ բոլոր այն մարդկանց, որոնք անարգել են դրոշը:

Արարատյան մաքսատուն այցից եւ դրոշի հայտնի պատմությունից հետո Նիկոլ Փաշինյանը շատ է վերլուծել իր գործողությունները, իր ռեակցիաները եւ հասկացել է, որ ճիշտ է վարվել։

Խոսելով Արարատյան մաքսատան աշխատակցի մասին, Փաշինայնն ասաց, որ նրա համար որպես մի անհատ աշխատանքից ազատվելը շատ էր, այսպես ասած՝ դոզան շատ էր. «բայց իրականում ես այդ քաղաքացուն ոչ ճանաչում էի, ոչ գիտեի, ոչ նախկինում հանդիպել էի, էսպես ասած՝ «լիչնի նեպրիյազն» չունեի, նա ինձ համար ընդամենը պետական պաշտոնյայի սիմվոլ էր, ով անարգում է դրոշը։ Էդ մի մարդուն չեմ ազատել գործից, ես ազատել եմ գործից բոլոր էն պետական պաշտոնյաներին, ովքեր անարգում են դրոշը, եւ ինձ թվում ա՝ բոլոր պետական պաշտոնյաները էս ուղերձը հասկացել են»,- ասաց նա։

Նա անդրադարձավ նաեւ «դու»-ով քաղաքացու հետ խոսել քննադատություններին․ «Այո, ես ձեզնից շատերի եւ բոլորի հետ դու-ով խոսել եմ։ Երբ ասել եմ՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես», չեմ ասել՝ դուք եք, ասել եմ՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Այո, երբեմն ամենակարեւոր ասելիքներն ասելիս ասում են դու-ով։ Երբեմն դու-ի անցնելն ունի շատ մեծ իմաստ։ Իմիջայլոց, մարդն Աստծո հետ էլ ա դու-ով խոսում, դա էլ հաշվի առեք»,- նշեց Փաշինյանը, ապա հավելեց. «Ասում են՝ էսօր մեկ, երեկ՝ երկու, դառել ա վարչապետ, ասում ա, որ վարչապետը գալիս ա՝ պետք ա ուղիղ կագնել։ Խնդիրը իմ անձի մեջ չի, ժողովուրդ ջան, խնդիրը նրա մեջ ա, որ եթե վարչապետի մոտենալը ռեակցիա չի առաջացնում ուսադիրներով աշխատող մարդու մոտ, բա քաղաքացու մոտենալը ի՞նչ ռեակցիա ա առաջացնելու»։

Ազատման դիմում գրելու պահանջի վերաբերյալ Փաշինյանը պարզաբանեց․«Ասում են՝ դիմում գրելը  ապօրինի էր։ Եթե ես որոշումը կայացրել եմ, եթե պետք լիներ, ես այդ ամբողջ կառույցը կլուծարեի՝ հանուն դրոշի՝ պետականության սիմվոլը պահպանելու, այդտեղ դիմում գրել չգրելու մեջ չէ, այսինքն՝ էնպես չէր, որ եթե դիմումը չգրվեր, էդ որոշումը վարչապետը լծակ չունի ի կատար ածելու»։

Փաշինյանն ասաց, որ խոսվեl է, որ ինքը աշխատակցից է պահանջել դիմում գրել, մինչդեռ պետք է ՊԵԿ նախագահին աշխատանքից ազատեր, որը համակարգի առաջին պատասխանատուն է․ «էդ տրամաբանությամբ ես պիտի տեղում հրաժարական տայի, որովհետեւ իմ ղեկավարած կառավարության առընթեր մարմնի աշխատողն  է դա արել։ Դրոշի հետ հարաբերությունը ամեն քաղաքացու, ամեն պաշտոնյայի անհատական հարաբերությունն ա դրոշի հետ»,- ասաց Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ պատմությունը  ՀՀ-ում դրոշի հանդեպ վերաբերմունքի առումով հեղափոխական նշանակություն է ունենալու։

Նիկոլ Փաշինյանը մերժեց օգտատիրոջ խնդրանքը՝ պատճառաբանելով, որ ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է, եւ որ ինքը ներողություն կխնդրեր, եթե համարեր, որ սխալվել է, մինդեռ վստահ է, որ ճիշտ է վարվել․ «Չեմ ուզում տպավորություն ստեղծել, որ ձեր տեսակետը չեմ հարգում, բայց ես միշտ էն կարծիքին եմ եղել, որ աշխարհի ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է։ Ինչքան էլ հարգեմ, էմոցիոնալ տանեմ, սրտիս մոտ ընդունեմ ձեր առաջարկները, քննադատությունները, չեմ կարող ինձ թույլ տալ, որ լինեմ ՀՀ այնպիսի ղեկավար, որի կամքը հեշտ ա ծռել։ Էդ պահին ես կարծում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել ու եթե որեւէ տեղ մտնեմ ու էդպիսի վիճակում դրոշ տեսնեմ, իմ ռեակցիան լինելու ա նույնը, ինչ մակարդակի պաշտոնյա լինի, տեղում ազատվելու ա աշխատանքից։ Եվ սա իմ սկզբունքային դիրքորոշումն ա։ Շատ ցավում եմ, որ չեմ կարող ձեր խնդրանքը կատարել, համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, ճիշտ եմ գործել։ Ես երեւի ՀՀ ամենաշատը հրապարակայնորեն ներողություն խնդրած վարչապետն եմ՝ ԱԺ ամբիոնից եմ ներողություն խնդրում, խոսելիս եմ ներողություն խնդրում, լրագրողներից եմ  ներողություն խնդրում։ Ես չգիտեմ՝ նախկին ղեկավարներից որեւէ մեկը էդ բառը օգտագործե՞լ ա, բայց եթե նույնիսկ օգտագործել ա, ինձնից շատ չի օգտագործել։ Եթե սխալվեմ, նախ ինքս ինձ պիտի համոզեմ, որ սխալվել եմ, եւ ես կկանգնեմ ձեր առաջ, ներողություն կխնդրեմ»,- եզրափակեց վարչապետը: