Ապրիլի 15-ի գիշերը հրազենային կրակոցից մահացել է «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ի գիշերը հրազենային կրակոցից մահացել է «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը:
Ակումբը ցավակցում է Ղևոնդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 3 երիտասարդ տղաներ:
Կրակոցները հնչել են Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում և հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Մանուկյանը, Երևան քաղաքի Զեյթունի 5/ա փողոցի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Գալստյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 8-րդ փողոցում հաշվառված 23-ամա Մուշեղ Ղևոնդյանը։
Վերջինս, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս «Լոռիի» կազմում: