Սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորի բ/կ-ից ծանր վիճակում գտնվող հիվանդին տեղափոխեց Էրեբունի բ/կ (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 13-ին, սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորից Երեւանի Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ տղայի, որը Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել այսօր կեսօրին՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ ռեանիմատոլոգ Հովսեփ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիվանդն ընդունվել է գիտակցության կորստով.

«Առավոտյան ջերմության բարձրացում է ունեցել, ցնցումներ է ունեցել, գիտակցությունը կորցրել, եղել է կոմայի մեջ: Անհրաժեշտ բուժօգնությունից հետո գիտակցությունը վերականգնվել է, կայունացել է»,-ասաց նա՝ նշելով, որ հիվանդը տարիներ առաջ գանգուղեղային տրավմա է ստացել, բուժումից հետո դեֆեկտ է առաջացել ճակատոսկրի շրջանում, որի պատճառով վարակ է տարածվել դեպի գլխուղեղ: Արդյունքում ախտորոշվել է վարակային բորբոքում:

Անհրաժեշտ առաջնային գործողություններից հետո որոշում է կայացրել հրավիրել սանավիացիայի ուղղաթիռ՝ երիտասարդին շտապ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխելու համար:

Սանավիացիայի ուղղաթիռը վայրէջք կատարեց Վանաձորի բժշկական կենտրոնի բակում: Բժիշկների խումբը մտավ հիվանդանոց, այնուհետ արդեն շտապօգնության մեքենայով հիվանդին մոտեցրեցին ու տեղավորեցին ուղղաթիռի մեջ:

Տարածքում ծառայություն են իրականացրել ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ռոլանդ Նալբանդյանի գլխավորությամբ, որոնք ոչ միայն մեքենաների վարորդներին են արգելել կայանել մոտակայքում, այլ նաեւ հետաքրքրասեր քաղաքացիներին են հեռացրել ուղղաթիռի մոտակայքից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ուղղաթիռն իր գործարկման կարճ ժամանակահատվածում արդեն չորրորդ հիվանդին է բարեհաջող տեղափոխում։