Մեղրու ԲԿ տեղափոխված 20 զինծառայողից 4-ը հոսպիտալացվել է, 16-ը՝ զորամասի հոսպիտալում է

Ապրիլի 11-ին Մեղրու բժշկական կենտրոն տեղափոխված 20 զինծառայողներից հոսպիտալացվել են միայն 4-ը:

«Բոլոր զինծառայողները անցել են նախնական բժշկական զննություն, նրանցից 4-ը հոսպիտալացվել են, մյուսներին կատարել ենք սոնոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ռենտգեն հետազոտություն: Հոսպիտալացված չորս զինծառայողների վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ թեթեւ: Առաջին երկու զինծառայողներից մեկը դաստակի բաց կոտրվածք ունի եւ սալջարդներ, մյուսի մոտ տարածուն սալջարդներ են: Այսօր որոշում է կայացվել, որ նրանք երկուսն էլ տեղափոխվելու են հոսպիտալ (Երեւան-խմբ.): Իհարկե, այդ որոշումը մենք չենք կայացնում, այլ զինվորական մասը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Մեղրու» բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանը:

Մյուս երկու զինծառայողները, որոնց մոտ նույնպես սալջարդներ են, բայց ավելի թեթեւ ու փոքր մակերեսով, 1-2 երկու օր կմնան Մեղրու բժշկական կենտրոնում, կստանան ստացիոնար բուժօգնություն եւ դուրս կգրվեն:

«Մեր մոտից դուրս կգրվեն, կտեղափոխվեն իրենց զորամասի հոսպիտալը, մի քանի օր այնտեղ կմնան, հետո կանցնեն ծառայության»,- հավելեց Լուսինե Վարդանյանը:

Նշված բժշկական կենտրոնում չհոսպիտալացված 16 զինծառայողները նույնպես իրենց զորամասի հոսպիտալում են: Անդրադառնալով դրա անհրաժեշտությանը՝ Լուսինե Վարդանյանը պարզաբանեց. «Վթար է եղել, կարող է այս պահին խնդիր չկա, բայց քիչ-քիչ արյունահոսություն լինի, այլ խնդիրներ առաջանան: Դրա համար հսկողության տակ են պահվում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 11-ին՝ ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ժայռին եւ շրջվել:

Աղբյուրը` http://www.armtimes.com/hy/article/158909