Երեւանի կենտրոնում. ավտոկայանատեղիներ չեն լինելու

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 12-ի համարում

Ինչպիսի՞ն է լինելու Երեւանը մի 10-15 տարի հետո: Ըստ էության, այս հարցի պատասխանը պետք է տա  Երեւանի գլխավոր հատակագիծը, որն արդեն ընդունվել է եւ այլեւս գործողության մեջ է: Իհարկե, չլինենք այնքան միամիտ, որ հավատանք, թե 2020 թ-ին մայրաքաղաքը լինելու է ճիշտ այնպիսին, ինչպիսին նկարագրված է այդ հատակագծում: Երեւանի նախկինում եղած որեւէ հատակագիծ, իսկ այդպիսիք մի քանիսն են եղել, Երեւանում չի պահպանվել: Այն ընթացքում անպայման խախտվել, անճոռնիացվել է, իսկ հաջորդ հատակագիծը մշակվել է այդ խախտումները հաշվի առնելով եւ հետագայում կրկին խախտվել եւ այսպես շարունակ: Կարելի է գրազ գալ, որ շատ շուտով կխախտվի նաեւ վերջերս ընդունված նոր հատակագիծը: Բայց այլ բան է, երբ հատակագծում նախատեսված ծրագրերն են խախտվում, եւ բոլորովին այլ բան է, երբ հատակագիծը ի սկզբանե տեխնիկական լուծումներ չի առաջարկում որեւէ խնդրի շուրջ:

Հենց այդպիսի չլուծված տեխնիկական խնդիր է մայրաքաղաքում ավտոկայանատեղիների հարցը: Առաջին հայացքից սա այնքան էլ կարեւոր հարց չէ: Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է: Պատկերացնենք, որ օրերից մի օր մեր պետավտոտեսչությունը սկսում է կարգ ու կանոն հաստատել մայարաքաղաքի երթեւեկության մեջ: Այսինքն՝ վերցնում է երթեւեկության կանոնները եւ սկսում խստապահանջորեն հետեւել դրանց: Ի՞նչ կստանանք: Մայրաքաղաքում կյանքը պարզապես կաթվածահար կլինի: Խնդիրն այն է, որ Երեւանի փողոցներում կայանված մեքենաները ոչ մի տեղ հնարավոր չէ խցկել` ավտոկայանատեղիներ չկան: Իսկ ամենավատն այն է, որ այսօր առնվազն Երեւանի կենտրոնում գրեթե չկան ավտոկայանատեղիներ եւ հետագայում դրանք իսպառ վերանալու են, քանի որ Կենտրոնի բոլոր ազատ տեղերում ներկայումս «էլիտար» շինարարություն է ընթանում:

Միակ ընդհանուր օգտագործման ավտոկայանատեղին նախատեսվում է կառուցել Հյուսիսային պողոտայի ընդերքներում: Սակայն դրանցում տեղերն այնքան սահմանափակ են, որ հազիվ բավարարեն պողոտայի շենքերի բնակիչներին: Թե որտեղ են կայանվելու Հյուսիսային պողոտայի մի քանի հազարի հասնող գրասենյակների, խանութների, սրահների այցելուների մեքենաները, հայտնի չէ: Կենտրոնի մյուս հատվածներում վիճակն ավելի սարսափելի է: Այսօր, երբ Կենտրոնում իրար ետեւից վեր խոյացող երկնաքերերը դեռ բնակեցված չեն, փողոցներն արդեն լեփ-լեցուն են: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է լինելու, երբ դրանք բնակեցվեն: Հենց այսօր, ըստ Երեւանի քաղաքապետարանի կատարած ուսումնասիրությունների, Կենտրոնի մայրուղային փողոցների 40 կմ ընդհանուր երկարությունից 18 կմ-ը կամ 45%-ը արդեն գերբեռնված է, իսկ 7 կմ-ը բեռնված է 80-ից 100%:

Մնացածի բեռնվածությունը 70%-ից չի իջնում: Ինչպիսի պատկեր կստացվի երկնաքերերի բնակեցումից հետո, թերեւս կարելի է պատկերացնել: Եթե այսօր մեքենաները դեռ ինչ-որ կերպ կարողանում են երթեւեկել Կենտրոնում, ապագայում դա էլ հնարավոր չի լինելու: Եւ ամբողջ դժբախտությունն այն է, որ այս խնդիրն այլեւս չի լուծվելու երբեք: Այսինքն՝ ապագայում քաղաքային իշխանությունները կանգնելու են երկընտրանքի առաջ` կա՛մ կարգուկանոն հաստատել եւ քաղաքակիրթ երկրների քաղաքների պես խստագույն պահանջներ ներկայացնել երթեւեկության մասնակիցներին, որի դեպքում մայրաքաղաքը կաթվածահար կլինի, կա՛մ ընդհանրապես ոչինչ չանել, բայց քաղաքը մի ինչ-որ չափով, հարաբարական իմաստով, շնչի: Այլ կերպ ասած, Երեւանի ապագան այլեւս երաշխավորված է` այն լինելու է անկանոն երթեւեկությամբ, արեւելյան ինչ-որ հետամնաց մի երկրի քաղաքներից մեկը հիշեցնող մեծ, անհրապույր գյուղ:

Այսինքն՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսն է այժմ, բայց ավելի շատ մեքենաներով եւ ավելի անկանոն երթեւեկությամբ: Տեսականորեն այս խնդիրը լուծումներ ունի: Մայրաքաղաքի կենտրոնում բարձրահարկ ավտոկայանատեղիներ կառուցելը կարող է հանել հարցը: Համենայնդեպս շատ քաղաքներ հենց այսպես են լուծել խնդիրը: Բայց Երեւանի դեպքում նույնիսկ սա հնարավոր չէ: Նախ այսօր արդեն մայրաքաղաքի կենտրոնում նույնիսկ բարձրահարկ կայանատեղիներ կառուցելու համար տեղ չկա` բոլոր հնարավոր տեղերն արդեն էլիտար շենքերի հիմքեր են: Երկրորդ. եթե նույնիսկ ինչ-որ տեղ էլ գտնվի, ապա դժվար թե որեւէ ներդրող տնտեսապես հեռանկարային համարի գումարները նման ձեռնարկի մեջ դնել: Յուրաքանչյուր ներդրող նախ մտածելու է իր եկամուտների մասին:

Բայց որպեսզի բազմահարկ ավտոկայանատեղիի կառուցողը եկամուտ ունենա, պետք է վստահ լինի, որ իր եկամուտների աղբյուր հանդիսացող մեքենայատերերը իրենց մեքենաները կկանգնեցնեն այդտեղ: Որպեսզի մեքենաները կանգնեն այդտեղ, պետք է որ փողոցներում ինչ-որ մեկը` տվյալ դեպքում պետավտոտեսչությունը, կարգուկանոն հաստատի եւ խստագույնս արգելի չնախատեսված տեղերում մեքենաների կայանումը: Իսկ որպեսզի պետավտոտեսչությունը կատարի իր պարտականությունը եւ արգելի չնախատեսված տեղերում մեքենաներ կայանելը, պետք է առնվազն վստահ լինի, որ ավտոկայանատեղիներում առկա տեղերը բավարարեն բոլոր մեքենաներին տեղավորելու համար: Իսկ որպեսզի բավարար տեղեր ապահովվեն, ներդրողները պետք է բարձրահարկ ավտոկայանատեղիներ կառուցեն: Որպեսզի կառուցեն…: Մի խոսքով, սա փակ շրջան է: Իսկ քաղաքային իշխանությունները, Կենտրոնի տարածքների վրա փող աշխատելու մոլուցքով տարված, ամեն ինչ արել են, որ երբեւէ այս փակ շրջանից դուրս գալու ելքեր չլինեն:

Հայկ Գեւորգյան