«Իրատես». «Ֆեյքերի» դեմ պայքարում կարող են լինել նաև որոշակի ճնշումներ քաղաքական հակառակորդների, երբեմն էլ տնտեսության մեջ մրցակիցների նկատմամբ

«Հայաստանում վերջին ամիսների ընթացքում սկանդալների, աղմկահարույց գործընթացների պակաս առանձնապես չի զգացվում։ Օրերս այդ միտումը նոր թափ ստացավ, ինչն իր արտացոլումը գտավ վարչապետի հանձնարարականներում, հայտարարություններում, ինչպես նաև բիզնես դաշտում արտաքինից տնտեսական, սակայն խորքային առումով քաղաքական բաղադրիչ պարունակող զարգացումներում։

Մի քանի օր առաջ կառավարության նիստում վարչապետը, հերթական անգամ կորցնելով ինքնատիրապետումը, անդրադարձավ քաղաքական դաշտում ֆեյքերի և տարաբնույթ մանիպուլյացիաների թեմաներին և ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարեց զբաղվել ֆեյքերով ու մանիպուլյատորներով։

Թեման բավականին լայն արձագանք ստացավ և՛ երկրի ներսում, և՛ քաղաքական դաշտում, և՛ փորձագետների, և՛ նույնիսկ միջազգային կառույցների շրջանում, քանի որ այստեղ շատերը նկատեցին խոսքի ազատության սահմանափակման վտանգ։

Ի վերջո, շատերի համար հասկանալի չէր, թե ինչու հենց ԱԱԾ-ն պետք է զբաղվեր այս հարցով, քանի որ ԱԱԾ-ն շատերի մոտ ասոցացվում է նախկին ԿԳԲ-ի հետ։ Բացի այդ, բոլորը հասկանում են, որ ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում կարող են լինել նաև որոշակի ճնշումներ քաղաքական հակառակորդների, երբեմն նաև տնտեսության մեջ մրցակիցների նկատմամբ։

Նկատենք, որ իրավական առումով ֆեյքի, լավ կամ վատ ֆեյքի սահմանում գոյություն չունի։ Ի վերջո, սոցցանցերում մենք այսօր ունենք հազարավոր կեղծ օգտատերեր, որոնք ընդամենը սահմանափակվում են Երևանի նկարները զետեղելով, միաժամանակ կան ֆեյքեր, որոնք տարածում են ռասայական խտրականություն, ատելություն և այլն։

Միանգամից բացասական երանգ ստացավ մանիպուլյացիա եզրույթը, թեև ինչպես փորձագետներն էին նշում իրենց ելույթներում, ցանկացած լավ քաղաքական գործիչ խոշոր հաշվով տիրապետում է նաև մանիպուլյացիոն գործիքների, և դա նրա գործունեության բնական ասպեկտն է։

Ցանկացած հռետոր, այդ թվում՝ հեղափոխական գործիչ լավ մանիպուլյատոր է, և նույնիսկ յուրաքանչյուր գովազդային հոլովակ ու բիզնես ունի մանիպուլյատիվ տարրեր, որպեսզի տարբեր գործիքներով հանրությանը ստիպի ընտրել իրեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: