«Սա հաղթանակ է թուրքական կողմի ճնշումների նկատմամբ». իտալացի խորհրդարանականները` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման մասին

Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից երկրի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրան միջազգային հնչեղություն տալու կոչ անող բանաձևի ընդունման առթիվ պատգամավորներն իրենց գոհունակությունն են հայտնել:

Նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Պատգամավորների պալատի անդամ, «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչ Անդրեա Դելմաստրոն, նախաձեռնության ընդունման առնչությամբ հայտարարել է, որ սա հաղթանակ է թուրքական կողմի ճնշումների նկատմամբ, գրում է open.onlineհարթակը:

«Նրանք Անկարայում մեր դեսպանին ԱԳՆ էին կանչել, իսկ իրենց դեսպանին մեր խորհրդարան ուղարկել, որպեսզի ազդեն քվեարկության վրա»,- ասել է պատգամավորը:

Agvilvelino.it կայքը նշում է, որ նախաձեռնության հեղինակներից Ֆեդերիկա Մոլլիկոնեն իր հերթին երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին երկտող է հղել՝ խնդրելով իր մոտ կանչել երկրում Թուրքիայի դեսպանին՝ պարզաբանումներ տալու թուրքական կողմի արձագանքի վերաբերյալ:

«Ես հպարտ եմ գործընկերներիս՝ Անդրեա Դելմաստրոյի և Պաոլա Ֆրասինետիի հետ բանաձևը պալատում ներկայացնելու համար: Դա թույլ տվեց, որ մեծամասնությունը կողմ քվեարկի փաստաթղթին, ինչը թուրքական կողմը ցանկանում էր խափանել»,- ասել է Մոլլիկոնեն:

Պատգամավորն ընդգծել է, որ ոչ մի երկիր չի կարող պայմաններ դնել Իտալիայի խորհրդարանի առաջ:

Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը 382 կողմ և 43 ձեռնպահ ձայնով հավանության է արժանացրել Իտալիայի կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող նախաձեռնությունը:

Թուրքիայում արդեն արձագանքել են իտալացի խորհրդարանականների այս քայլին: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Իտալիայի խորհրդարանի որոշումը, ինչպես նաև պատմությունը քաղաքականացնելու բոլոր փորձերը որևէ ուժ չունեն»:

«Անթույլատրելի է այն, որ Իտալիայի խորհրդարանը գործիքն է դարձել այն խաղի, որը կազմակերպվել է Եվրախորհրդարանում այլատյացություն քարոզող կուսակցությանը ձայներ բերելու նպատակով»,- գրել է արտգործնախարարը թվիթերյան իր էջում:

Նախաձեռնության ընդունմանն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, որը նշել է, որ այդ քայլն «արհամարհում է պատմական իրողությունները» և «նոր տարաձայնություններ է սերմանում»:

Ավելի վաղ Պատգամավորների պալատի՝ նախաձեռնությունը քննարկելու որոշումը հարուցել էր Թուրքիայի զայրույթը, որի պատճառով Իտալիայի դեսպանն ԱԳՆ էր կանչվել: