«Կանցնի որոշ ժամանակ, ամեն ինչին կպատասխանեմ». ԱԱԾ պետը՝ «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջը վարող անձի ձերբակալության մասին

Այսօր կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։

Լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադառնալով կալանավորված անձին՝ նշեց, որ ընթանում է նախաքննություն և մանրամասներ չի կարող հայտնել։

«Քրեական գործը հարուցվել է 226 հոդվածի հատկանիշներով և եթե այդ հոդվածը բացեք և ուսումնասիրեք, ամեն ինչ մեջը գրված է, մնացած մանրամասները չեմ կարող այս պահին հայտնել։ Առհասարակ ԱԱԾ-ն նախապես չի ասում իր անելիքների մասին, եթե լինեն նոր ֆեյքերի ձերբակալություններ՝ կիմանաք։ Մարդու անանուն հանդես գալը նրա իրավուքններից մեկն, որը չի կարող որևէ մեկը խախտել։ Այլ բան է, եթե այդ մարդը հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որը պարունակում է հանցակազմ»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ իշխանությունը միլիոներ ծախսո՞ւմ է ֆեյքեր պահելու համար, ԱԱԾ պետը պատասխանեց. «Վստահ եղեք, որ իշխանությունը միլիոններ չի ծախսում ֆեյք էջեր պահելու համար»։

Նա նաև հավելեց, որ ձերբակալված անձի մասին տեղեկատվություն կլինի  նախաքննության ավարտից հետո. «Կանցնի որոշ ժամանակ, ամեն ինչին կպատասխանեմ»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։