«Ինչո՞ւ է հիմա դուխով լռում: Մարդիկ ուզում են իմանալ՝ Փաշինյանը կողմ է, թե դեմ ԱԺ ամբիոնից տրանսգենդերության քարոզին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1990-ականների վերջին Հանրապետական կուսակցության առաջնորդ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել էր՝ 21-րդ դարը մերն է լինելու: Նախօրեին, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հայտարարեց՝ 21-րդ դարն արդեն մերն է: Որպես մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը եղել է Սպարապետը, թույլ տվեք չհամաձայնել Փաշինյանի գնահատականի հետ:

1. Քանի դեռ Փաշինյանի իշխանությունը մեր հայրենիքը բաժանում է հին և նոր Հայաստանի, 21-րդ դարը՝ մերը լինելու մասին վաղ է հայտարարել:

2. Չի կարող 21-րդ դարը մերը լինել, քանի դեռ հասարակությունը բաժանում են սևերի և սպիտակների:

3. Քանի դեռ Արցախի հերոսները ձերբակալված են, և կոպտորեն խախտված է նրանց անմեղության կանխավարկածը:

4. Քանի դեռ ավանդական ու ազգային արժեքների հակաքարոզ է տեղի ունենում… Շուռնուխ, հարձակում վեհարանի վրա:

Եվ վերջապես, չի կարող 21-րդ դարը մերը լինել, իսկ Ազգային ժողովի բարձր ամբիոնից տրանսգենդերների քարոզ հնչի, ու քայլող իշխանությունը դուխով լռի: Չեմ կարծում, թե այսպիսի տխուր իրողության մասին է երազել Սպարապետը:

Հ.Գ. Փաշինյանն ամեն պատեհ ու անպատեհ առիթ բաց չի թողնում գնահատականներ տալու համար: Ինչո՞ւ է հիմա դուխով լռում: Մարդիկ ուզում են իմանալ՝ Փաշինյանը կողմ է, թե դեմ ԱԺ ամբիոնից տրանսգենդերության քարոզին: Այո՛, թե՞ ոչ:

Հ. Հ. Գ. Օտարերկրյա գործակալների անուններն էլ թող հրապարակի»։