Երևան-Արմավիր միջպետական մայրուղու հարակից տարածքն ուզում ենք դարձնել ծառաստան. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր նախարարության աշխատակազմի հետ ծառատունկ է իրականացրել Երևան-Արմավիր միջպետական մայրուղու Ծաղկունք համայնքի հարակից տարածքում։ Ծառատունկին մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ինչպես նաև համայնքի բնակիչներ:

Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի ժամանակ այս տարածքը նախարարության աշխատակազմի կողմից ամբողջությամբ մաքրվել էր աղբից և որոշվել էր այստեղ իրականացնել ծառատունկ։

«Ուզում ենք այս տարածքը դարձնել ծառաստան, հիմա այդ աշխատանքներն ենք իրականացնում: Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին իրենց համայնքների տարածքներում ծառեր տնկել, կանաչապատել և հոգ տանել շրջակա միջավայրի նկատմամբ»,-ասել է նախարարը` հորդորելով քաղաքացիներին արձագանքել իր կոչին և ծառատունկի համար բարենպաստ այս շրջանում բարեկարգել հարակից տարածքներն ու ծառեր տնկել:

Ծառատունկի ընթացքում նշված տարածքում տնկվել է շուրջ 200 ծառ, այդ թվում` հացենիներ, բարդիներ և մրգատու ծառեր: