«Գժանոց ա, հոպար…». խաղադրույքով $38 հազար շահած երիտասարդին Երևանում ծեծի են ենթարկել ու հափշտակել ամբողջ շահումը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Վ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

1984 թվականին ծնված Արմեն Վ.-ին մեղադրանք էր առաջադրվել խմբի կողմից կատարված ավազակային հարձակմանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Վ.-ն ավազակության եղանակով ուրիշի գույքի հափշտակության շուրջ համաձայնության է եկել «Կոկո» մականունով Կոնստանտին Հունանյանի հետ՝ վերջինիս տեղեկատվություն տրամադրելով Արեգ Ջ.-ի մոտ առանձնապես խոշոր չափի գումարի առկայության մասին:

Այս տեղեկատվությունն ունենալով, ըստ մեղադրանքի, Կոնստանտինը կազմակերպել է Վաչիկ Գեղամյանի, Անդրանիկ Հովսեփյանի, Աշոտ Կ.-ի ու ինքնությունը չպարզված անձի կողմից 2015 թվականի հուլիսի 9-ին Երևանի Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում Արեգ Ջ.-ից 38 հազար դոլարի հափշտակությունը:

Ըստ նախաքննական մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 3-ին Արեգ Ջ.-ն «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակում ֆուտբոլի Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակիչ՝ Չիլի-Արգենտինա խաղի կապակցությամբ կատարել է 11 հազար 900 դոլարի խաղադրույք, հաղթել և ունեցել է 13 միլիոն դրամի շահում՝ չհաշված կատարած խաղադրույքի գումարը:

Արեգ Ջ.-ն հաջորդ օրը անձնական գործերով մեկնել է Վրաստան, վերադարձել է հուլիսի 8-ին, զանգել է բուքմեյքերական գրասենյակ ու պարզել է, որ շահումը հաջորդ օրը կարող է ստանալ «Վիվարոյի» կենտրոնական գրասենյակից:

Արմեն Վ.-ն՝ «Մոշ» մականունով, ըստ մեղադրանքի, իմացել է սրա մասին և հուլիսի լույս 9-ի գիշերը՝ 1-ն անց 48-ին իր բջջային հեռախոսից զանգել է ընկերոջը՝ Կոնստանտինին՝ «Կոկոյին», ու հայտնել է Արեգ Ջ.-ի կողմից նույն օրվա ցերեկը 13 միլիոն դրամ շահումը ստանալու մասին:

Կոնստանտինը հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Վաչիկ Գեղամյանի, Անդրանիկ Հովսեփյանի, Աշոտ Կ.-ի և ինքնությունը չպարզված անհայտ անձի հետ: Նա ձեռք է բերել դիմակ, փայտե մահակ, այլ մեքենայից հափշտակված պետհամարանիշ, վերցրել է ծանոթի «Մերսեդես» մեքենան: Այս ամենը Կոնստանտինը հուլիսի 9-ի առավոտյան հանձնել է իր կազմակերպած խմբին, նրանց է փոխանցել նաև Արմեն Վ.-ի հայտնած տեղեկությունը, կատարել է դերաբաշխում:

Վաչիկը, Անդրանիկը, Աշոտն ու ինքնությունը չպարզված անձը, ըստ մեղադրանքի, վերոհիշյալ մեքենայով գնացել են «Վիվարոյի» կենտրոնական գրասենյակի մոտ, դարանակալել ու սպասել են Արեգին: Տեսել են, որ Արեգը ժամանեց գրասենյակ, շահումը ստացավ ու տաքսիով հեռացավ:

Հետապնդել են այդ մեքենային: Արեգ Ջ.-ն տաքսուց իջել է Պուշկինի փողոցում, մտել է տարադրամի փոխանակման կետ, ապա ոտքով գնացել է դեպի Սարյան փողոց՝ իր տուն:

Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում, ըստ մեղադրանքի, Վաչիկը, Աշոտն ու Անդրանիկն իջել են մեքենայից, հարձակվել են Արեգի վրա, ծեծել են նրան՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, ու հափշտակել են 38 հազար դոլար, 600 հազար դրամ արժողությամբ «Մակբուք» մոդելի դյուրակիր համակարգիչը, 70 հազար դրամ արժողության «Այֆոն» հեռախոսը, 70 հազար դրամ արժողության կաշվե պայուսակը ու դիմել են փախուստի:

Գործի բացահայտումից հետո Արմեն Վ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2017 թվականի սեպտեմբերի 20-ին Արմեն Վ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: Նրա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այդ ընթացքում գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ քրեական գործը արդեն դատաքննության փուլում էր:

Նախաքննական մարմինը Կոնստանտին Հունանյանին մեղադրանք էր առաջադրել Արեգ Ջ.-ի վրա ավազակային հարձակումը կազմակերպելու և ղեկավարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վաչիկ Գեղամյանին, Աշոտ Կ.-ին ու Անդրանիկ Հովսեփյանին՝ ավազակային հարձակումը կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Առաջին ատյանի դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերաորակել է Կոնստանտին Հունանյանի մեղադրանքը, նրան մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով կողոպո՛ւտ կազմակերպելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ինչ վերաբերում է Վաչիկ Գեղամյանին ու Անդրանիկ Հովսեփյանին մեղսագրված արարքներին, ապա դատարանը եզրահանգել է, որ նրանց կատարածը իրոք եղել է ավազակային հարձակում, նրանց մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ տուժողը հրաժարվել է ներկայացրած քաղաքացիական հայցից:

Դատարանը եզրահանգել է, որ Աշոտ Կ.-ին առաջադրված մեղադրանքը գործի քննության արդյունքում չի հիմնավորվել ձեռք բերված ապացույցներով:

Դատարանը ճանաչել և հռչակել է Աշոտ Կ.-ի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ, այդ մեղադրանքով արդարացրել է Աշոտ Կ.-ին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Կոնստանտին Հունանյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման, Վաչիկ Գեղամյանը՝ 9 տարի, Անդրանիկ Հովսեփյանը՝ 8 տարի ազատազրկման:

Այս դատավճիռը դատավարության կողմերը բողոքարկել էին, վերաքննիչ քրեական դատարանը բողոքները մերժել և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Վերադառնալով Արմեն Վ.-ին ու նրան առաջադրված մեղադրանքին՝ ապա Արմենը նախաքննության ու դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարության կարգով նշել է, թե կատարվածի հետ որևէ առնչություն չունի, գործով անցնող անձանց չի ճանաչում: Գործով հեռախոսային խոսակցության գաղտնալսման հետ կապված՝ Արմեն Վ.-ն նույնպես ասել է, թե դրա հետ առնչություն չունի, իր հեռախոսից կարող էին ուրիշ անձինք զանգահարել…

Տուժող Արեգ Ջ.-ն նկարագրել է, որ Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, երբ ինքը շահած գումարը մոտը ունենալով, ոտքով տուն էր գնում, հետևից հարված է ստացել քունքային շրջանում և ընկել է գետնին: Իրեն երկու կամ երեք հոգի ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել ու բացականչել են. «Էրեխա ե՞ս բռնաբարում, արա՛»:

Տուժողը սկզբում մտածել է, թե հարձակվողները շփոթել են, քանի որ ինքը ոչ մեկին չի բռնաբարել, բայց երբ հարձակվողները հափշտակել են պայուսակը, հասկացել է, որ հարձակվողների նպատակը իր շահած գումարի հափշտակությունն էր:

Ստացած հարվածներից, ըստ մեղադրանքի, Արեգ Ջ.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Արեգի վրա հարձակվածները նստել են «Մերսեդես» մեքենա, դեպքի վայրից հեռացել են, բայց… վթարի են ենթարկվել Մոսկովյան փողոցում: Նրանք վթարված մեքենան թողել են բակերից մեկում ու փախուստի են դիմել, բայց հանցավոր արարքը արագ բացահայտվել է, նրանք չեն հասցրել Հայաստանից հեռանալ…

Տուժողը իր ցուցմունքում նշել է, թե որևէ մեկի հետ թշնամական հարաբերությունների մեջ չի եղել, բացառում է, որ իրենից փորձել են վրեժ լուծել: Տուժողը նշել է նաև, որ դեպքի պահին արևային ակնոցով է եղել, ինքը կարճատես է, տեսել է միայն հարձակվողների սիլուետները…

Դատարանը հետազոտել է Արմեն Վ.-ի մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից՝ ենթադրաբար՝ Արմենի ու Կոնստանտինի՝ գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը, որի ժամանակ ենթադրյալ Արմեն Վ.-ն «Կոկոյին» ասում է. «Կոկ ջան, ինձ վերցրեք, էթանք էլի… Դավայ, 11-ն անց կես կարանք պոկվենք, ախպերս: «13» թիվ ա, հոպար ջան, գժանոց ա, էլի, լավն ա…»: «Կոկոն» հարցնում է. «13՞»: Ենթադրյալ Արմեն Վ.-ն պատասխանում է. «13, հա, մելյոն… Մեր իմացածից ավել ա… Դե վսյո, սպասում եմ, մի օր տրամադրենք, էլի, կպավ-կպավ, ախպեր ջան…

Դավայ, կյանք…»:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Կոնստանտինի հեռախոսային զրուցակիցը հենց Արմեն Վ.-ն է եղել, նա ու Կոնստանտինն են իրար «հոպար» ու «կյանք» անվանել…

Ըստ դատարանի եզրահանգման՝ «գործով ձեռք բերված ապացույցների զանգվածում… բացի հիշյալ հեռախոսային խոսակցության գաղտնալսումից, Արմեն Վ.-ին առաջադրված մեղադրանքը հաստատող այլ ապացույցներ ձեռք չեն բերվել… Ապացույցների ամբողջության մեջ մեղադրանքի մարմինները չեն կարող հաստատապես պնդել, թե ամբաստանյալ Արմեն Վ.-ն գործել է ավազակությանը օժանդակելու պայմաններում…»:

Դատարանը, հենվելով գաղտնալսված խոսակցության վրա, եզրահանգել է, որ Արմեն Վ.-ն «չի տիրապետել այնպիսի նոր տեղեկության, որին ծանոթ չի եղել Կոնստանտին Հունանյանը և որի չփոխանցման պայմաններում տուժող Արեգ Ջ.-ի գույքի հափշտակությունն իրագործելը չէր ստացվի կամ կձախողվեր…»:

Դատարանը եզրահանգել է, որ ձեռք բերված ապացույցների համատեքստում նախաքննական մարմինը Արմեն Վ.-ի արարքին տվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական: Ըստ դատարանի՝ Արմեն Վ.-ն, հաստատապես իմանալով նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին, դրա վերաբերյալ իրավապահ մարմիններին չի հայտնել, ինչի պարտավորությունն ունեցել է, և ինչը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ Արմեն Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով, կիրառել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, կարճել է քրեական գործի վարույթը և դադարեցրել է Արմեն Վ.-ի քրեական հետապնդումը: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է: Արմեն Վ.-ն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրողը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, Արմեն Վ.-ին մեղավոր ճանաչել խմբի կազմում կատարված ավազակային հարձակմանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և դատապարտել 9 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել նաև Արմեն Վ.-ի շահերի պաշտպանը՝ պահանջելով իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

Աղբյուրը` https://www.1in.am/2537030.html