«Մինչև ԱԱԾ տնօրենին դիմելը, կարելի էր ընդհանուր հանրային քննարկում կազմակերպել». Սամվել Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համացանցում և լրատվամիջոցներում մանիպուլյատիվ լուրեր տարածողներին և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարել է «զբաղվել» նման լուրեր տարածողներով, քանի որ, վարչապետի խոսքով՝ դա ազգային անվտանգության խնդիր է։

Ավելին՝ վարչապետն ակնկալում է, որ այս հարցում ԱԱԾ պետը կկարողանա արդյունքներ ապահովել և հակահարված հասցնել նման լուրեր տարածողներին։

«Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք: Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին»,- կառավարությունում ասել է վարչապետը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նկատեց՝ գաղափար չունի, թե մանիպուլյատիվ լուրերի ու անձանց դեմ պայքարն ինչպես է իրականացվելու, հատկապես, որ դրա համար օրենսդրական հիմքեր գոյություն չունեն։

«Միակ բանը, որը պատկերացնում եմ, դա ֆինանսավորման աղբյուրների հետ է կապված, քանի որ Հայաստանում լրատվամիջոցները ֆինանսավորման տեսակետից պետք է թափանցիկ լինեն։ Ինչ վերաբերում է ազգային անվտանգության խնդրին, կարող եմ ասել, որ այսօր ամբողջ աշխարհում այդ դիսկուրսը կա, այսինքն՝ շատ երկրներում, ներառյալ՝ ժողովրդավարական երկրները, հիմա կեղծ նորություններն ընկալում են՝ որպես այդ մակարդակի խնդիր։ Սա ինչ-որ տեղ այդպես է, ունի իր բացասական հետևանքները, քանի որ ընդհանուր առմամբ նկատվում է ազատ խոսքի նահանջ՝ կեղծ լուրերի ֆոնին»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Հարցին՝ վարչապետի հայտարարությունը կարո՞ղ է ընկալվել՝ որպես վերահսկողություն լրատվամիջոցների նկատմամբ, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ չգիտի, թե այդ հայտարարությունից հետո ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել, սակայն մեկ բան ակնհայտ է՝ յուրաքանչյուր կառավարություն ձգտում է վերահսկել տեղեկատվական հոսքերը, իսկ քաղաքացիական հասարակության և լրագրողների գործը հակառակն է՝ այնպես անել, որպեսզի այդ գործընթացը տեղի չունենա։

«Ակնհայտ է, որ այսօր սոցիալական ցանցերը և մամուլի մի մասը ներգրավված են տեղեկատվական մանիպուլյացիաների մեջ, այսինքն՝ դա փաստ է։ Կարծում եմ՝ մինչև ԱԱԾ տնօրենին դիմելը, կարելի էր ընդհանուր հանրային քննարկում կազմակերպել այդ հարցի շուրջ։ Այսօր որևէ հասարակություն չի կարող ֆեյք լուրերը տարբերակել սովորական լուրերից, քանի որ ֆեյք լուրերն արտադրողները հմտացած են։ Սա ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է, և միայն Հայաստանը չէ կանգնած այս խնդրի առաջ։ Մինչև օրս որևէ երկիր չի գտել այն մեխանիզմները, որոնց միջոցով կարելի է դրա դեմ պայքարել»,- շեշտեց փորձագետը։

Նա հույս հայտնեց, որ Հայաստանն այս քայլով չի հետևում Ռուսաստանին, որտեղ վերջերս օրենք է ընդունվել ֆեյք լուրերի դեմ։

«Հուսամ՝ այդպես չէ, քանի որ դա անհեթեթություն է։ Կարծում եմ՝ ավելի շատ հանրության հետ պետք է աշխատեն, ոչ թե նստեն օրենսդրական փոփոխություններ անեն, որովհետև դրանք դառնում են երկիմաստ օրենքներ»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։

Զվարթ Խաչատրյան

Աղբյուրը` https://168.am/2019/04/04/1104464.html