Ինձ համար շատ վիրավորական է, որ Հայաստանը չունենա Մշակույթի նախարարություն, եթե աշխատակազմն ուռճացված է, ապա կրճատեք. Գագիկ Գինոսյան (տեսանյութ)

Որպես հայ մարդ՝ ինձ համար շատ վիրավորական է, որ Հայաստանը չունենա Մշակույթի նախարարություն: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մշակույթի նախարարության լուծարման թեմային, ասաց մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:

«Եթե մենք հասկանում ենք, որ Մշակույթի նախարարությունն ուռճացված ապարատ է, 130 հոգի են աշխատում, ապա կրճատեք և դարձրեք 30, բայց թողեք նախարարություն, և այն մարդը, որը պատասխանատու է այդ գերատեսչության համար, ներկայանալիս ներկայանա որպես նախարար, որ հասկանան էդ մարդու կարգավիճակը, այլ ոչ թե լինի չգիտեմ ինչ վարչության, չգիտեմ ինչ պաշտոնյա: Եթե այդ մարդը պետք է 5 րոպե ներկայացնի, թե ինքը ով է, որ այսինչ ընդհանուր նախարարության Մշակույթի բաժնի պատասխանատուն է, դժվար թե նրան լուրջ ընդունեն»,- ասաց Գինոսյանը:

Հարցին՝ նախարարության պահպանման պարագայում ո՞վ պետք է լինի նախարարը՝ ա՞յն մարդն, ում մեջ է մշակույթը, թե՞ մշակութային գործիչ, Գինոսյանը պատասխանեց՝ երկուսը միասին. «Մշակութային գործիչը, որը վատ կառավարիչ է և կառավարման մշակույթին չի տիրապետում, ունենալով բարձր ճաշակ, կարող է տապալել մշակույթը: Նույնը և հակառակը՝ լավ կառավարիչը, եթե չի հասկանում՝ ինչ է մշակույթը, ապա նույնպես կտապալի: Մշակույթի նախարարը պետք է լինի մարդ, որը տիրապետում է մշակութային ամբողջ դաշտը և ունի կառավարման ձիրք»:

Գագիկ Գինոսյանն ասում է՝ եթե չկան հստակ ուղենիշներ՝ ինչ ճանապարհով պետք է ընթանա մշակույթը, եթե չկա հստակ ռազմավարություն և տեսլական, ապա չի կարելի նման ռադիկալ որոշումներ կայացնել. «Մենք չգիտենք, չենք էլ պատկերացնում՝ մեր մշակույթն ուր է գնում, մենք չենք հայտարարում՝ ինչ է պետք մեր երկրին և քայլեր ենք անում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/04/06/ginosyan/2966841