Կեղծ օգտատերերի՝ «Ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված, եթե գրառումների մեջ, լինի ֆեյք թե սովորական անձ, չլինի հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չեն ունենա. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ֆեյքերի դեմ պայքարը ԱԱԾ խնդիրն է:
«Եթե գրառման մեջ հանցակազմ կա, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը»,- ասաց նա:
Վարչապետը նշել էր նաև, որ մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Վանեցյանը նշեց, որ մանիպուլյացիան այն է, որ արտահայտությունները կամ գրառումները, որոնք արվում են, այն թեմաները, որոնք տարածվում են սոցցանցերում անանուն օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների:
«Ես հիմա չեմ ուզում մտնել այդ բառախաղի մեջ, բայց հավաստիացնում եմ, որ այդ գործընթացը կատարվելու է շատ ուշադիր, շատ զգույշ, որևէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Հարցին՝ ինչպե՞ս են պայքարելու, օրենսդրական փոփոխությա՞մբ, թե՞ այլ կերպ, նա նշեց, որ այս պահին պատրաստ չէ այդ հարցին պատասխանել: «Տեսաք, նոր տեղի ունեցավ այդ խոսակցությունը, հարցերը նոր առաջացան, այդ իսկ պատճառով թողեք, որ մի քիչ ուսումնասիրենք և բոլոր հուզող հարցերին կպատասխանեք: Վարչապետն իր հանձնարարության մեջ վերջում շատ կարևոր հայտարարություն արեց, որ այդ բոլոր աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հանկարծ վնաս չտրվի խոսքի ազատությանը, դա ամենակարևոր սկզբունքն է, որին մենք հետևելու ենք»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը: