«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»․ սա իշխանության մտածված հայտարարությունն է, որը նոր դիսկուրս է բերելու

«Ապրիլյան պատերազմի թերևս հիմնական պատճառը Հայաստանի երրորդ հանրապետության վերջին մոտ 20 տարիների վարած արտաքին քաղաքականությունն էր՝ կապված Արցախի հետ. իշխանությունից դեպի հասարակություն իմպուլսներ էին գալիս, թե մենք խնդիրը լուծելու ենք փոխզիջումների ճանապարհով: Խոսվում էր փոխզիջումների մասին, բայց բոլորն էլ հասկանում էին, որ խոսքը միակողմանի զիջումների մասին է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ապրիլյան պատերազմի պատճառներին՝ ասաց պատմաբան Դավիթ Թինոյանը՝ վկայակոչելով Կազանյան և Մադրիդյան փաստաթղթերը:

Նրա խոսքով՝ հասարակությանը փոխանցվող այդ իմպուլսները գնում էին նաև հարևան հանրապետություն. «Եվ հարևան հանրապետությունը հանգեց այն համոզման, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չէ լայնածավալ ռազմական գործողությունների: Իսկ թե որքանով պատրաստ չէր՝ դա ցույց տվեց բուն պատերազմը: Փաստը ցույց տվեց, որ ինքնապահպանման բնազդը շատ ուժեղ էր մեր մեջ, և չնայած այդ ժամանակ առկա բարոյահոգեբանական մթնոլորտին՝ հաշված ժամերի ընթացքում մենք ապացուցեցինք, որ գոնե որպես հասարակություն մենք կայացած ենք: Այլ հարց է, թե որպես պետություն որքանով էինք կայացած»:

Սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանի կարծիքով՝ անկախության բոլոր տարիներին Արցախի հարցում նույն մոդելն է կիրառվել. «Մենք փորձել ենք բանակցությունների ընթացքում հասնել խաղաղության՝ թեկուզ զիջումների կամ փոխզիջումների գնով: Շատ ողջունելի է, որ այժմ ուրիշ մոդելի շուրջ ենք մտածում, պարզապես պետք է մտածենք նաև այս հռետորաբանության ներքո մեր բանակը օր օրի հզորացնելու մասին»:

Պատմաբանը հավելեց, որ պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կատարած գազանությունները միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք չստացան: