Վերաքննիչ քրեական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը։
Բողոքը քննում է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ այս գործը քննող դատավոր Ռ. Բարսեղյանը ժամանակին Քոչարյանի կողմից պարգևատրվել է, և արդյո՞ք հնարավոր է՝ այդ հանգամանքը դառնա դատավորի ինքնաբացարկի հիմք, նշեց.
«Լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից, Քոչարյանը նման բան չհիշեց, բայց գիտեմ, որ նա Ամերիկայի դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել։ Եթե այս ամենն իրար գումարենք՝ կստացվի, որ երևի լավ դատավոր է, որ նրան պարգևներ են տվել, ինքնաբացարկի հիմքեր չեմ տեսնում»։
Նա նշեց, որ փաստաբանական խումբը կճշտի, թե ինչպես է գործը հայտնվել դատավոր Բարսեղյանի վարույթում։
Հայկ Ալումյանը նաև տեղեկացրեց, որ միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի դատախազների ներկայացրած բողոքը թողնվի առանց քննության, փորձելու են ճշտել, թե ինչ փուլում է այդ միջնորդությունը, քանի որ օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի պատճառաբանական մասը վիճարկել։
Լրագրողները փաստաբանից խնդրեցին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանից ճշտի, թե ինչ կարծիք ունի Վահան Շիրխանյանի նամակի մասին, սակայն փաստաբանը նկատեց՝ այդ թեմայի հետ կապված ոչինչ չի ճշտի։
«Ինչ վերաբերում է Մեղրիի տարբերակին, դա քաղաքական թեմա է, որի մեջ ես չէի ցանկանա մտնել։ Այսօր ամեն ինչ կանենք, որպեսզի պարոն Քոչարյանը դրսում լինի, և բոլոր հարցերն իրեն ուղղեք»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ-ի կողմից ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։
Զվարթ Խաչատրյան
Աղբյուրը` https://168.am/2019/04/04/1104383.html