Քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքը. ՀՀ 2-րդ նախագահը վերաքննիչ դատարանում է

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Դատարանում է նաև Ռոբերտ Քոչարյանը:

Նախքան դատական նիստի մեկնարկը լրագրողները Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին՝ ըստ մամուլի՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանը պարգևատրվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, հնարավո՞ր է դա դատավորի ինքնաբացարկի հիմք հանդիսանա, Ալումյանը նշեց, որ իրենք նման հիմք չեն տեսնում:

«Ես լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից, բայց Ռոբերտ Քոչարյանն այդպիսի բան չհիշեց: Գիտեմ նաև, որ ամերիկյան դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել դատավորը, սա նշանակում է՝  նա լավ դատավոր է:  Եթե ամերիկյան դեսպանատունն իր հերթին է համարել, որ լավ դատավոր է, պարոն Քոչարյանն էլ՝ իր հերթին, ուրիշ պարգևներ էլ ունի, դա մեզ ուրախացնում է և կարծում եմ՝ ինքնաբացարկի հիմք չկա»,- ասաց նա:

Ալումյանը տեղեկացրեց, որ միջնորդելու են, որպեսզի դատախազների վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության, որովհետև օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը վիճարկել:

Ճշտող հարցին՝ արդյոք որևէ պաշտոնյա, մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  կալանավայրում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, Ալումյանը նշեց, որ ոչ: Նրա խոսքով՝ միայն ՄԻՊ-ն է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Ամալյա Առաքելյան

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/04/04/Robert-kocharyan/2964787