«Պատգամավորի, այսպես ասած, մեղադրանքներին որևէ անդրադարձի ցանկություն չունեմ». Դավիթ Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց մեկնաբանել ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի մեղադրանքները: «Պատգամավորի, այսպես ասած, մեղադրանքներին որևէ անդրադարձի ցանկություն չունեմ: Ինչ ասելու էինք, արդեն ասել ենք»,- ասաց նա:

Դ.Անանյանը նշեց, որ բավականին ճիշտ շեշտադրումներով արդեն պատասխանել են պատգամավորին. «Հակոբյան Արմենը, որ հանդիսանում է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային բաժնի պետ, 1994-2017 թթ. աշխատել է համակարգում, մեկ տարի զբաղվել է ակտիվ քաղաքացիական գործունեությամբ և իրեն ոչինչ չէր կարող ստիպել, որ վերադառնա համակարգ, բացառությամբ նրա, որ ես առաջարկել եմ նրան այդ աշխատանքը»:

ՊԵԿ նախագահն ընդգծեց, թե չի ասում, որ այդ մեկ տարում է Հակոբյանն աշխատել իր գումարները. «Եթե կա տեղեկատվություն, որ անձը ստացել է ապօրինի գումարներ, հորդորում եմ բոլորին այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին»:

Հիշեցնենք, որ ըստ պատգամավորի՝ «Օպերի Արմեն կոչվածը» Շիրակի մարզում նշանակումներ է անում ոչ թե մրցույթներում հաղթած անձանց, այլ իր ծանոթներին, բարեկամներին կամ վստահելիներին: ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարել տեղեկացնել, որ ՊԵԿ-ում թափուր պաշտոնների համալրման մրցույթներն անցկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասությամբ օժտված է բացառապես ՊԵԿ նախագահը:

Դ.Անանյանը հավելեց, որ Արմեն Հակոբյանին ճանաչում է շուրջ 30 տարի, իրենք համակուրսեցիներ են, բայց պաշտոն առաջարկել է նրա մասնագիտական կարողություններին նայելով, ոչ թե հայտարարագրած ցուցանիշներին:

«Ոչ ոք այսօր անփոխարինելի չէ, և եթե կա ինչ-որ բան, որ դատապարտելի է, պետք է բոլորս դատապարտենք»,- նկատեց նա: