Բացահայտվել է թմրամիջոցի՝ առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության կազմակերպման դեպք

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության կազմակերպման և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և գործածելու կասկածանքով 2019թ. մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին, բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1997 թվականին:

Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ, Գերմանիայի Դաշնությունից վերջինիս հասցեագրված ծրարի մեջ, հայտնաբերվել է թվով 4 հատ դեղնականաչավուն հաբ, որը, քննության տվյալներով, նա ստացել է փոստային բաժանմունքից:

Նշանակված դատանյութագիտական փորձաքննությամբ պարզվել է, որ նշված հաբերը հանդիսանում են 2.18 գրամ ընդհանուր քաշով «ՄԴՄ» տեսակի թմրամիջոց:

Փաստի առթիվ Ոստիկանությունում 2019թ. մարտի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

1997թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 21-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին: Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և միևնույն ժամանակ թույլատրելի ճանաչել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով։