Գավառի ԲԿ-ում 27-ամյա կնոջ մահվան առնչությամբ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ. մանրամասներ

Մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոնում մահացած 27–ամյա Հասմիկ Հարությունյանը ԲԿ է դիմել որովայնի սուր ցավերով և գոտկային կծկումներով: ԲԿ-ում զննության արդյունքում պարզվել է, որ կինը 6-7 շաբաթական հղի է եղել, իսկ մինչև բժշկական օգնության դիմելն օգտագործել է վիժում առաջացնող դեղորայք: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գավառի ԲԿ–ի տնօրեն Աշոտ Կարապետյանը:

ԲԿ տնօրենի խոսքով՝ կնոջն անմիջապես օգնություն է ցուցաբերվել. որոշվել է կատարել վաակում-ասպիրացիա. «Կինը ցանկացել է ցավազրկումով անել, սակայն հրաժարվել է ընդհանուր անզգայացումից՝ ցանկանալով տեղային անզգայացում: Լիդոկային են ներարկել, ինչից անաֆիլակտիկ շոկ (դեղորայքային սուր ալերգիկ ռեակցիա) է առաջացել»:

Տնօրենի խոսքով՝ բժիշկները նախապես հարցրել են Հասմիկ Հարությունյանին՝ արդյոք ալերգիա ունի՞ դեղորայքից, կինն ասել է, որ նախկինում ատամ է հեռացրել անզգայացումով ու նման խնդիր չի ունեցել:

«Բոլորի մոտ էլ կարող է լինել անաֆիլակտիկ շոկ»,–ասաց տնօրենը։

Նրա խոսքով՝ անաֆիլակտիկ շոկից հետո առաջին օգնություն է ցուցաբերվել կնոջը. ներարկել են հակաշոկային միջոց, որից հետո հերթապահ ռեանիմատոլոգին են հրավիրել, որն էլ օգնություն է ցուցաբերել 27-ամյա կնոջը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Տնօրենը նշում է, որ չի կարծում, թե բժշկական սխալ է տեղի ունեցել: Նա նաև հայտնեց, որ մահացած կնոջ ընտանիքը պահանջել է, որ դատաբժշկական հետազոտությունը կատարվի Երևանում:

Նշենք, որ դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 27-ամյա կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: