Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ այսօր Վիեննայում որպես նախապայման ներկայացնել Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ խախտված հրադադարի գծի վերականգնման պահանջը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Հակառակ պարագայում, եթե բանակցությունները վերսկսվեն հրադադարի խախտված գիծը որպես իրողություն ընդունելու մեկնակետից, ինքնաբերաբար լեգիտիմացվելու են Ապրիլյան քառօրյայի սանձազերծումն ու դրա հետևանքները, ինչպես նաև խրախուսվելու է նման գործելակերպն առհասարակ՝ խթանելով սպառազինությունների մրցավազքը, նորանոր Ապրիլյան քառօրյաները, տարածաշրջանի ապակայունացումը, ստեղծելով լայնածավալ պատերազմի ռեալ սպառնալիք»,- գրել է նա։
Նշենք, որ այսօր Վիեննայում, Երևանի ժամանակով ժամը 14.00-ին կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ավելի ուշ Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիեւի հետ առաջին պաշտոնական հանդիպումը լինելու է «առանց օրակարգի»։
«Պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց դրա կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը: Քանի դեռ ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, շփումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի», – ասել էր Փաշինյանը։
Իսկ Ստեփանակերտում տեղի ունեցած երկու հայկական պետությունների ԱԽ համատեղ նիստի ժամանակ Հայաստանի առաջնորդը կրկին պնդեց Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժշտությունը եւ Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտությունը։