Պաշտոնից ազատված ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը դատի է տվել ռեկտոր Արամ Սիմոնյանին

Երեւանի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ռեկտոր Արամ Սիմոնյանի:

Գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը մարտի 12-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Ռեկտոր Սիմոնյանն իր այդ հրամանը հիմնավորել էր Գեւորգյանի նկատմամբ ունեցած անվստահությամբ:

Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, Գեղամ Գեւորգյանը դատարանից պահանջել է անվավեր ճանաչել համապատասխան հրամանը, իրեն վերականգնել պաշտոնում եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Գեղամ Գեւորգյանի պաշտոնանկությունից հետո մամուլը գրել էր, որ ռեկտորը նրան ազատել է քաղաքական դրդապատճառներով: Ասվում էր, որ արդեն նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության ներկայացուցիչների հետ եւ խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաեւ նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թեւի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն: Գեւորգյանը մեր զրույցում չէր հերքել, որ պատճառը ռեկտորին հասած նման լուրերն են: Սիմոնյանը դա հերքել էր:

Աղբյուրը` http://www.armtimes.com/hy/article/157698