Արգենտինայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուն եռման ջրով լի թերմոսը նետել է կին մրցավարի վրա

Արգենտինայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուն եռման ջրով լի թերմոսը նետել է մրցավար Ռոզանա Պազի վրա, գրում է bleacherreport.com-ը:

Կինը «Մարկեսադո» – «Սան Մարտին» հանդիպման գլխավոր մրցավարի օգնականն է եղել: Խաղի ավարտին մրցավարի օգնականներից մեկը սխալ է թույլ տվել՝ կանգնեցնելով դաշտի տերերի գրոհը: «Մարկեսադո»-ի երկրպագուներից մեկը, նման որոշումից զայրացած, թերմոսը նետել է Պազի վրա, որը դրվագին որևէ մասնակցություն չի ունեցել:

Մրցավարի 46-ամյա օգնականը պատմել է, որ զգացել է՝ ինչպես է մեջքի վրայով եռման ջուր հոսում: Նա կարողացել է դիմանալ մինչև խաղի ավարտը՝ խնդրելով իր վրա սառը ջուր շփել, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել: Պարզվել է՝ կինը լուրջ այրվածք է ստացել:

Չնայած կատարվածին՝ Պազը մտադիր է շարունակել աշխատանքը ֆուտբոլի ոլորտում:

«Կարևոր չէ՝ հարձակման ենթարկվածը կին է, թե տղամարդ: Նման բան ուղղակի չպետք է տեղի ունենա: Ես, այնուամենայնիվ, չեմ պատրաստվում հանձնվել»,- ասել է նա:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/28/sport/2959208