Դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակը ռիսկային է երեխաներին վարակիչ հիվանդություններով վարակելու տեսանկյունից. ՄԻՊ

2017-ին մենք սկսել ենք մի ծրագիր, որը վերաբերում է ՀՀ մանկապարտեզներում և դպրոցներում ջրի և սանիտարահիգիենիկ պայմաններին. այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի կողմից հաստատված է նոր ռազմավարական ծրագիր, որը վերաբերում է ջրի և սանիտարիայի հասանելիությանը, աշխատանքներ են իրականացվել  201 դպրոցում և մանկապարտեզում` 121 դպրոց և 80 մանկապարտեզ: «Մոնիտորինգն իրականացվել է 2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում, դպրոցներն ու մանկապարտեզներն ընտրվել են պատահականության սկզբունքով»,- ասաց նա:

Ըստ Թաթոյանի` ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խնդիրները մտահոգիչ ու անընդունելի են: «Այս զեկույցը հրապարակելուց առաջ ուղարկել եմ հարցադրումներ տարածքային կառավարման նախարարին, Երևանի քաղաքապետին, կրթության և գիտության նախարարին, մենք մեր գործընկերներից ստացել ենք անհրաժեշտ տեղեկություններ: ԿԳՆ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ զեկույցում տեղ գտած խնդիրները կառավարությունը հիմք է ընդունելու, նաև քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի լուծվեն դրանք»,- ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանի խոսքով` ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում առկա չեն եղել սանհանգույցներ, և դրանք տեղակայված են դրսում: «Եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում: Դպրոցների 86 տոկոսի դեպքում բացակայում է տաք ջրամատակարարումը, իսկ մանկապարտեզների միայն 44 տոկոսի սանհանգույցներն են ապահովված տաք ջրամատակարարմամբ»,- ասաց նա:

ՄԻՊ-ի խոսքով՝ լուրջ խնդիր է մաքրության պակասը սանիտարահիգիենիկ առումով, և բազմաթիվ են դեպքերը, երբ շատ ռիսկային է երեխաներին վարակիչ հիվանդություններով վարակելու տեսանկյունից:

«121 դպրոցից միայն 8-ում, իսկ 80 մանկապարտեզներից միայն երկուսում են, որ սանհանգույցները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաներին: Դպրոցում աշակերտները ջուրը խմում են հիմնականում ծորակներից` ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակի տարածման մեծագույն ռիսկ է:  Դպրոցների շենքերի յուրաքանչյուր հարկում ըստ սեռերի առանձնացված սանհանգույցները բացակայում են: Մի շարք դպրոցներում ջուրն անհասանելի է ընդհանրապես ծորակների ոչ սարքին լինելու, ինչպես նաև իսպառ բացակայության պատճառով»,- նշեց Թաթոյանը:

Նա ասաց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են դեպքեր, երբ դպրոցում առկա է եղել ընդամենը մեկ ծորակ:

Բացի այդ,  նա նշեց, որ դպրոցների, մանկապարտեզների անձնակազմերը տեղեկացված չեն այն կանոնների մասին, որոնք անհրաժեշտ են երեխաների սանիտարահիգիենիկ վիճակը ապահովելու համար:

«Այս բոլոր հետազոտությունները մենք առանձնահատուկ եղանակով ենք կատարել. առանձնազրույցներ ենք ունեցել թե´ երեխաների հետ առանձին, թե´ մանկավարժների և թե´ դպրոցների տնօրինության հետ: Այս ամենը ոլորտը երկար տարիներ անուշադրության մատնելու հետևանք է»,- եզրափակեց Արման Թաթոյանը:

Ամալյա Առաքելյան

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/28/tatoyan/2959154