Ուսխորհուրդները ստիպում էին, որ բուհում ստեղծվի գաղջ և անհեռանկարային մթնոլորտ․ «Իմ քայլի» պատգամավոր

Երեկ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր այն բուհի ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ ու ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ զարգացած երկրներում բուհերը միշտ աչքի են ընկնում իրենց ինքնավարությամբ և այդ ինքնավարությունը համահունչ են հասարակության մեջ ընթացող այն զարգացումներին, որոնք միտված են առողջ հարթակ կառուցելուն։

«Եթե դու ուսանողությանը կաշկանդում ես, դնում ես «քառակուսի» կարծրատիպի շրջանակներում, զրկում ես նրան ամենակարևոր հնարավորությունից և կարողությունից՝ մտածելու և վերլուծելու ընդունակությունից»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ուսանողությանն առհասարակ ազատ պետք է թողնել, որպեսզի նա կարողանա իր միտքն ազատ շարադրի, ինչի շնորհիվ միայն կարող ես ձևավորել ազատ և 21-րդ դարի համամարդկային արժեքներին համահունչ հասարակություն։