Եթե ոչ պետական լինի, նույն օրը կփակվի մեր թատրոնը, ես չգիտեմ մի թատրոն, որը կարող է ինքնաֆինանսավորմամբ ապրել. Ժիրայր Դադասյան

Շատ քիչ են պետական թատրոնները, քան կարող էին լիներ, եթե տարվեր այն քաղաքականությունը, որը հնարավորություն կտա ստեղծել նոր թատրոններ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը:

Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում որոշ մշակութային ՊՈԱԿ-ների միավորման հնարավորությունը և արդյոք եթե մասնավորեցվի Ձեր թատրոնը, կկարողանա՞ք գործել, առավելևս, որ նշվում է, թե ինքնուրույն գործելով՝ թատրոնները կարող են նաև շահույթ ստանալ կամ կազատվեք նախարարության սահմանափակումներից, հաշվետվությունից Ժիրայր Դադասյանը նշեց, որ այդ շրջանառվող թեզը արդարացված չի համարում: «Աշխարհում չկան ոչ պետական թատրոններ, դրանք ինչ-որ տեղից գրանտներից, քաղաքապետարանից սնվում են: Մեր պարագայում նույն օրը կփակվի թատրոնը, ես չգիտեմ մի թատրոն, որը կարող է ինքնաֆինանսավորմամբ ապրել, կարող է շոու թատրոն հայտնվել,  որ որոշ ժամանակ կարողանա գործել, բայց որ ռեգուլյար գործի, ես այդպիսին չգիտեմ: Կարծում եմ՝ դա շուտափույթ և չհիմնավորված որոշում է, խնդիրը ոչ թե պետք է դիտարկել միավորելու տեսանկյունից, որ խնայողություններ լինեն, այլ, որ նոր թատրոններ ստեղծվեն»,-պատասխանեց նա:

Ժիրայր Դադասյանը նշեց, որ Թատրոնի միջազգային օրը պատրաստվում էին թատրոնի շենքի բացումը նշել, բայց անցած տարվա ֆորսամժորից հետո շատ պլաններ ձևափոխվեցին: «Որոշում կայացվեց, որ մեր շենքը չպետք է կառուցվի, այլ նոր տարածք առաջարկվեց, մենք համաձայնեցինք և սպասում ենք թղթաբանությանը: Կարծում եմ, որ որևէ օգտակարություն չի լինելու աղմուկից: Մշակութային քաղաքականություն չի ուրվագծվում, թե ինչպիսի մշակութային դաշտ պետք է ունենանք»,-ասաց նա և նշեց, որ իրենց առաջարկված շենքը Մոսկովյան հինգ հասցեում է գտնվում, այդ տարածքը պատկանում է Պաշտպանության նախարարությանը:

Նա հայտնեց, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը կլինի օգոստոսի 10-15-ին և փառատոնի հետ կապված լավ ծրագրեր ունեն, սակայն հովանավորի խնդիր կա և ցանկացողներին կոչ արեց համագործակցել: Նա նշեց, որ դրամաշնորհ է տրամադրվել 16 միլիոն դրամ, սակայն քսան տոկոսը ԱԱՀ պետք է վճարեն: Ըստ նրա՝ Մշակույթի նախարարությանը թվում է, թե իրենք շահագրգռված են վատ բեմադրություն անել, ինչը նվաստացուցիչ է համարում:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/25/dadasyan/2956298