Պատկերասրահ բաց երկնքի տակ. Կոնդը նոր շունչ ու ոգի է ստանում սթրիթ-արթի շնորհիվ

Երևանի ամենահին ու գեղեցիկ թաղամասերից մեկը՝ Կոնդը, վերածվել է պատկերասրահի՝ բաց երկնքի տակ: Թաղամասի հին ու նոր պատերին հայ և օտարազգի նկարիչների ջանքերով հայտնվել են հետաքրքիր պատկերներ, որոնք նոր երանգ են հաղորդել Կոնդին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Kond gallery» սթրիթ արթ հարթակի նախաձեռնության հեղինակ, նկարիչ Սերգեյ Նավասարդյանը (Սերյոգ) պատմեց, որ նախաձեռնության մեկնարկը տրվել է նախորդ տարվա օգոստոսից: «Երբ սկսեցի նկարել Կոնդում, մենակ էի, հետո ինձ միացան ընկերներս ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Այս պահին լայնածավալ աշխատանք ենք իրականացրել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից փողոցում, ընթացքում տարածքները կընդլայնենք»,-նշեց նա:

Նավասարդյանի խոսքով` սա բաց, անկախ հարթակ է, որտեղ նկարիչները կարող են ստեղծագործել տարբեր թեմաներով: «Ցանկանում ենք տարբեր արտիստների գործերով վերաիմաստավորել այս թաղամասը, թարմություն հաղորդել դրան: Այս նախաձեռնությունը կարող է նպաստել մեր երկրում «սթրիթ արթի» զարգացմանը: Բոլորս էնտուզիաստներ ենք, չունենք հովանավորներ, ամեն նկարիչ ինքն է հոգում իր նյութերի ծախսերը»,-ընդգծեց նկարիչը:

Երիտասարդ ստեղծագործողն ասաց, որ նկարիչների հետ գալիս են Կոնդ, ուսումնասիրում են տարածքը, տեսնում, թե ինչ պատեր կան այստեղ, ինչ է կատարվում Կոնդում: «Շատ կարևոր է, որ մինչև նկարելը ստեղծագործողն իմանա, թե ինչ միջավայրում է աշխատելու: Կոնդն առանձնահատուկ թաղամաս է. այստեղ արտացոլված է հին Երևանը, հետաքրքիր շունչ ունի, ավանդույթներ: Նկարիչը պետք է տեսնի ու զգա այդ ամենը, բայց չտուժի ժամանակակից արվեստը»,-ընդգծեց Նավասարդյանը և հավելեց, որ մինչ օրս աշխատել են յոթից ավելի նկարիչներ, և նրանք դեռ կավելանան:

Բեռլինից Հայաստան ժամանած նկարիչ Բենը, որը մարտի 20-ից է աշխատում իր ստեղծագործության վրա և մի քանի օրից կավարտի այն, ասաց, որ մեծ սիրով է Կոնդի պատերից մեկին պատկերում իր կերպարներին: «Նկարում եմ աբստրակտ ժանրում: Հստակ չեմ կարող պատմել, թե ինչ եք տեսնելու պատին, բայց պատրաստվում եմ օգտագործել վարդագույն, դեղին, մանուշակագույն, կապույտ ներկեր»,-նշեց Բենը:

Նա շեշտեց, որ Կոնդը հետաքրքիր թաղամաս է և իրեն դուր է գալիս: Կառույցները բավականին հին են և ունեն բնավորություն: Խոսելով նախաձեռնության մասին` նկարիչն ասաց, որ այն հնարավորություն է տալիս արվեստի միջոցով նոր շունչ տալ տարածքին:

Օտարերկրացի նկարչուհին, որը ներկայացավ Կատաստրոֆա կեղծանվամբ, պատմեց, որ վերջին յոթ տարվա ընթացքում ճանապարհորդում է և ոչ մի երկրում երկար չի ապրում: «Համացանցի միջոցով եմ տեղեկացել այս նախաձեռնության մասին: Այն ինձ հետաքրքրեց և հեշտությամբ կապ հաստատեցի Սերգեյի հետ, ու եկանք Երևան»,-ասաց նա:

Նկարչուհին խոստովանեց, որ ո’չ ինքը, ո’չ Բենը, ում հետ ժամանել է Բեռլինից, չէին կարող կանխատեսել, թե ինչ է իրենց սպասվում Հայաստանում: «Ոմանք անվստահություն են հայտնում մեր արածի հանդեպ, ոմանք հարցնում են, թե ինչո՞ւ ենք դա անում, չէ՞ որ սա ոչ ոքի պետք չէ, իսկ երեխաները, որոնք հետևում են մեր աշխատանքին, ոգևորությամբ ասում են, որ կցանկական զբաղվել այս գործով: Շատ շոյվում ենք նման դեպքում: Եվրոպայում նկարիչները չափազանց շատ են, և մենք ո’չ կարծիք ենք կարողանում կորզել, ո’չ մեկնաբանություն: Երևանում հանդիպել ենք բազմաթիվ հետաքրքիր նկարիչների, որոնք անկախ են ու պատրաստվում են այլ հարթակներում ստեղծագործել»,-պատմեց նա:

Անդրադառնալով իր քանդակին, որն այժմ գտնվում է Կոնդի պատերից մեկի վրա` Կատաստրոֆան նշեց, որ նմանատիպ հիսուն քանդակ ունի, որոնք աշխարհի երեսուն քաղաքում են ներկայացված: Հավաքածուն կոչվում է «Քաղաքի դեմքը»: «Մարդու խոժոռված հայացք պատկերող քանդակն այն մասին է, որ եթե քաղաքը ունենա դեմք և հույզեր, ապա անտարբեր չի լինի և կարձագանքի անբարոյականությանը, թափթփվածությանը և բոլոր արատավոր երևույթներին, որ կատարվում են քաղաքում: Իմ կեղծանունը Կատաստրոֆա է, այդ իսկ պատճառով այն ամենը, ինչ ես անում եմ, աղետի տարրեր ունի»,-շեշտեց նկարչուհին:

Նախաձեռնության հաջողության դեպքում հնարավոր է` նկարիչները նոր գործեր ստեղծեն Երևանի այլ թաղամասերում:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Աղբյուրը` https://168.am/2019/03/24/1098254.html