«Ասվել է, որ չի լինելու աշխարհաքաղաքական շրջադարձ, բայց չեն կարող չլինել որակական փոփոխություններ». Ռուբեն Մեհրաբյան

Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը դրական է գնահատում առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև առանց օրակարգի հանդիպումը՝ վստահեցնելով, որ շփումները միշտ ավելի լավ են՝ քան դրանց բացակայությունը։

«Այո, ճիշտ է, որ հանդիպումն օրակարգ չի ունենալու, բայց դատելով Փաշինյանի խոսքից՝ կարող ենք ենթադրել, թե ինչի մասին է խոսք լինելու, հիշում ենք նրա ելույթը, երբ ասաց, որ ներկայացված է երեք սկզբունք և վեց տարր, և այժմ ցանկանում է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Մինսկի խումբն իր վերջին հայտարարության մեջ մեկ շատ կարևոր կետ ասաց, որի հասցեատերը Բաքուն էր, որ այդ ամենն իրար հետ ներկայացնում են մեկ ամբողջություն, բայց դրան հետևեց Բաքվի ծիծաղելի հայտարարությունը, որն ուներ ՄԽ հայտարարության հակառակ տրամաբանությունը։ Ըստ երևույթին ասում էին, որ հայկական զորքերն Արցախից հանենք, դրանից հետո կորոշեն՝ մեզ հետ կխոսե՞ն, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Փաշինյան-Ալիև առանց օրակարգի հանդիպումից և ինչպես է գնահատում նման հանդիպումները։

Անդրադառնալով իշխանափոխությունից հետո Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում ունեցած ձեռքբերումներին ու ձախողումներին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ արտաքին քաղաքականությունը չափազանց բարդ ոլորտ է, որպեսզի միանգամից փոխեն։

Ըստ նրա՝ անցյալի արտաքին քաղաքականությունն իր որակական կողմերով ոչ միայն անընդունելի է եղել, այլև «ստորացուցիչ»՝ ցանկացած անկախ պետության համար։

«Ասվել է, որ չի լինելու աշխարհաքաղաքական շրջադարձ, բայց չեն կարող չլինել որակական փոփոխություններ, ամբողջությամբ փոխվում է փիլիսոփայությունը։ Եկել է այլ որակի իշխանություն՝ միանգամայն այլ պրոցեդուրաներով՝ ժողովրդավարական, հետևաբար՝ մեզ անհրաժեշտ է այլ որակի արտաքին քաղաքականություն, որի պարագայում պետք է հաշվի առնենք այն ռիսկերը, որոնք կան և կարող են լինել։ Այդ քաղաքականությունը պետք է սպասարկի ՀՀ անվտանգության և զարգացման շահերը։ Այսօր ուրվագծվում է այդպիսի արտաքին քաղաքականության բովանդակությունը և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի հետ ունեցած մեր հարաբերություններում, կարծում եմ՝ շուտով նաև՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Մեկ բան էլ նշեմ, որ Հայաստանը Ռուսաստան չէ, և հանկարծ որևէ մեկի մտքով թող չանցնի»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում