Երկիրը պետք է բոլոր տեսակի աղբերից մաքրել. Գևորգ Պետրոսյան

Համապետական շաբաթօրյակի շրջանակում ԱԺ պատգամավորները Երևանում` Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում, շաբաթօրյակ են անում:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոռեկտ չի համարում խոսել այն մասին, թե ինչու են 132-ից շատ քիչ թվով պատգամավորներ մասնակցում շաբաթօրյակին:

«Կոռեկտ չեմ համարում այլ պատգամավորների մասին արտահայտվել: Գուցե մարդիկ ունեն հարգելի պատճառներ՝ չգալու: Համենայն դեպս, մենք միշտ նման միջոցառումներին փորձում ենք ներկայանալ և կոլեկտիվիզմի հոգեբանությունը հաշվի առնել, նաև, ինչու չէ, քաղաքը մեր սեփական ուժերով մաքրազարդել: Դրա մեջ որևէ բան չկա, շատ հաճելի է: Սա ևս մեկ առիթ է իրար հետ, ժողովրդի հետ շփվելու համար»,- ասաց նա:

Հարցին` ինքն է՞լ է վարչապետի նման կարծում, որ աղբը մաքրելուց հետո շատ մեծ բան կփոխվի երկրում, Պետրոսյանն ասաց. «Ես չգիտեմ` այդտեղ ենթատեքստ կա, թե չէ, բայց ընդհանրապես երկիրը պետք է բոլոր տեսակի աղբերից մաքրել»: