Միգուցե որևէ պատգամավոր գիշերը մինչև ժամը չորսն աշխատել է և այսօր չի կարողացել արթնանալ. Վահագն Թևոսյանը` պատգամավորների` շաբաթօրյակին չմասնակցելու մասին

Դա հոգեբանական պահ է, մշակույթի ձևավորման հետ կապ ունի. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում շաբաթօրյակին մասնակցող ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը` անդրադառնալով հարցին, ինչու են մարդիկ աղբը գետնին գցում:

«Նախկինում համատարած էր դա և նորմալ էր. հիմա այդքան էլ այդպես չէ, որովհետև մարդիկ սկսել են փնտրել աղբամաններ»,- ասաց նա:

Դիտարկմանը` աղբամանները քիչ են, նա ասաց, որ դա քաղաքային իշխանությունների խնդիրն է և պետք է հարց բարձրացնել, որ շատացնեն: «Գուցե աղբամանների պակասի խնդիրն է, որ աղբը հայտնվում է գետնին, բայց ես այդպես չեմ կարծում իրականում»,- նշեց Թևոսյանը:

Ինչ վերաբերում է հարցին` արդյոք մարդիկ բացի հայտարարված շաբաթօրյակից այլ օրերի դուրս կգա՞ն մաքրելու բակերը, նա նշեց, որ մարդիկ կարող են դժգոհել` ինչու իրենք պետք է դուրս գան շաբաթօրյակ անելու` բակերը մաքրելու, եթե կան բակերը մաքրողներ: «Ես հասկանում եմ նրանց, բայց եթե այդ հարցում բան չի փոխվում, տարբեր միջոցներով կարող ենք այդ հարցը բարձրացնել` պատասխանատվության կանչել այն մարդկանց, ովքեր չեն մաքրում, կամ ինքներս դուրս գանք, մաքրել, եթե այդտեղ մաքրող չկա»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, թե դա ընդամենը մշակույթի ձևավորման խնդիր է, շաբաթօրյակը լայն իմաստով ոչ թե միայն մաքրելու պրոցես է, այլ նաև ցույց տալու, որ այս տեսեք ինչքան լավ է, որ այս տարածքը մաքուր է:

Հարցին` ինչո՞ւ ԱԺ ղեկավարությունը և շատ պատգամավորներ «Իմ քայլը» խմբակցությունից չեն մասնակցում շաբաթօրյակին, Թևոսյանը նշեց, որ չի կարող այդ հարցը մեկնաբանել: «Առնվազն Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում էր Բեռլինում, չգիտեմ՝ եկել է, թե ոչ: Միգուցե որևէ պատգամավոր երեկ գիշերը մինչև ժամը չորսն աշխատել է և այսօր չի կարողանում արթնանալ»,- ասաց նա: