Նաիրի Հունանյանը դեռ ողջ-առողջ է, դեռ շատ աղմկահարույց բացահայտումներ կլինեն. Արկադի Վարդանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, հավանաբար ծանոթ եք Վահան Շիրխանյանի՝ Քոչարյանին ուղղված բաց նամակին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

Այո՛, մանրամասն կարդացել եմ։ Ես Վահան Շիրխանյանին վաղուց եմ ճանաչում, իմ կարծիքը իր մասին հետևյալն է. նա բավականին լուրջ և տեղեկացված անձնավորություն է։ Ամբողջ այդ ներքաղաքական խոհանոցը իրեն ծանոթ է՝ իր անձնական մասնակցությունից։ Այնպես որ, ես կարծում եմ, որ նամակում շարադրված բոլոր փաստերն ու հանգամանքները համապատասխանում են իրականությանը և կարող են հիմք ծառայել համապատասխան մարմինների համար առավել ծանրակշիռ ու լուրջ փաստեր ու հանգամանքներ ներկայացնել սպասվելիք դատական նիստերին։ Ես միայն դրական հեռանկար եմ տեսնում։

-Այսինքն՝ մենք կարող ենք եզրակացնել, որ այս նամակը կարող է Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման համար հի՞մք հանդիսանալ։

-Անկասկած։ Մի քանի անգամ շեշտել եմ՝ Մարտի 1-ը մի փոքրիկ տոկոսն է այն բոլոր հանցավոր գործողությունների, որոնք իրականացվել են ռոբիկասերժիկական 20 ամյակի ընթացքում։ Այն, ինչ շարադրված է նամակում, առավել քան բավարար է, որպեսզի այդ ծանրագույն հանցագործությունը վերջնականապես և ամբողջապես բացահայտվի։

-Նամակում խոսվում է Ղարաբաղյան հակամարտության լուծման՝ Մեղրիի տարբերակի մասին, որի մասին Վազգեն Սարգսյանն իմացել է ԱՄՆ կատարած այցի ժամանակ Ալբերտ Գոռից՝ առ այն, որ Քոչարյանը նման համաձայնություն է տվել։ Այս վարկածն ինչքանո՞վ է հիմնավոր։ Կան նաև Լիտվինենկոյի հայտնի բացահայտումները՝ Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի ԱԱԾ դերակատարության մասին, ո՞րն է ավելի հավանական։

Դա ամբողջ պատմության շատ կարևոր դրվագ է։ Ես առայժմ զերծ կմնամ որևէ մեկնաբանություն հնչեցնելուց։ Անձամբ ես ծանոթ եմ այնպիսի փաստերի ու հանգամանքների, որոնք միանշանակ պետք է հետևանք ունենան։ Բայց մինչև դատավարության սկիզբը կնախընտրեմ լռել, որպեսզի չխանգարեմ հետաքննության աշխատանքներին ու բոլոր բացահայտումների տրամաբանությանը։ Ուղիղ պատասխան չեմ տա, միայն կասեմ, որ Մեղրին փոխանակելու տարբերակը ոչ միայն քննարկվում էր ռոբիկասերժիկական հանցավոր խմբում, բայց այն նաև պատրաստվում էին իրականացնել, այդ թվում՝ Ռուսաստանի օգնությամբ։

-Այսինքն՝ երկու վարկածները, ըստ էության, իրարից չե՞ն տարբերվում։

Ամերիկյան Փոլ Գոբլի սցենարն իր յուրահատուկ բացատրությունը պետք է ունենա, որովհետև Միացյալ Նահանգների շահերն իրենց առանձնահատկություններն ունեն մեր տարածաշրջանում։ Այն ժամանակ, երբ աշխարհում հայտնվել է Գոբլի պլանը, այն ժամանակ ընդհանուր աշխարհաքաղաքական դասավորությունը այլ էր։ Այսօրվանը շատ էր տարբերվում այն ժամանակվա գործողությունների առանձնահատկությունից։ Այն ժամանակվա պուտինյան Ռուսաստանը նոր էր բացահայտում իր իսկական էությունը, և գուցե Միացյալ Նահանգները բավարար փաստեր ու հիմնավորումներ չուներ։ Կարծում եմ, որ այս օրերին հազիվ թե Միացյալ Նահանգները նման նախաձեռնությամբ հանդես գար։

-Իսկ Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքը ձեզ համար անակնկա՞լ էր։

-Ո՛չ, ինձ համար անակնկալ չէր։ Դեռ 1996 թվականից գիտեի, որ ռոբիկասերժիկական հանցավոր զույգը Ռուսաստանի ԱԱԾ գործակալներ են։ Քանի որ Նաիրին էլ այդ նույն հանցավոր խմբի մասնակիցներից է, ապա, իհարկե, բացատրելի է, որ ինքն է հանդիսացել հատուկ ծառայությունների գործակալ։ Ինչո՞ւ է հիմա այդ հանգամանքը քողարկվում, խոսքը կտուրը գցվում, դա էլ է հասկանալի։ Բայց, փառք Աստծո, Նաիրին դեռ ողջ-առողջ է, դեռ շատ աղմկահարույց բացահայտումներ կլինեն։