Սերժ Սարգսյանի շախմատային զգուշացումը. ո՞ւմ էր այն ուղղված

Երբ կգա ժամանակը, ես ելույթ կունենամ, նախօրեին Հանրային հեռուստաընկերության թղթակցին ի պատասխան ասել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը մասնակցում էր Շախմատի տանը տեղի ունեցող ֆեդերացիայի նիստին: Սերժ Սարգսյանի այդ ելույթն ինքնին բավականին ուշագրավ էր, որովհետև նա ակնհայտորեն պատրաստակամություն հայտնեց ասելու այդ մասին հենց դա ասելու համար, ոչ թե ոչինչ չասելու: Այլ կերպ ասած՝ բավականին նկատելի էր, որ Սարգսյանն ուներ «ժամանակին ելույթ ունենալու» մասին ազդարարելու անհրաժեշտություն: Ինչո՞վ էր դա պայմանավորված, սա է թերևս հետաքրքիրը: Այդ իմաստով արժե նկատել, որ Սերժ Սարգսյանի «բեմելը» կամ լռության մասնակի խախտումը տեղի է ունենում շախմատի խորհրդանշական հարթակում՝ հիշեցնելով կամ ակնարկելով «շախմատիստի» մասին, և տեղի է ունենում մամուլում արտահոսքին զուգահեռ, որ Հատուկ քննչական ծառայությունից տեղի էր ունեցել մամուլ, այն էլ իշխող մեծամասնության պատգամավորին պատկանող լրատվամիջոց: Հրապարակվել էր Սերժ Սարգսյանի ցուցմունքը Հատուկ քննչական ծառայությունում, Մարտի 1-ի գործով:

Դրանցում, իհարկե, աշխարհացունց բացահայտումներ չկային, որոնք հայտնի չէին հանրությանն ու չէին շրջանառվել մինչ այդ, սակայն ինքնին հենց Սերժ Սարգսյանի ցուցմունքի արտահոսքի փաստը արդեն իսկ նշանակալի էր, եթե հաշվի առնենք, որ նրանից առաջ հարցաքննվել են Ռոբերտ Քոչարյանն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Խաչատուրով, Սեյրան Օհանյան և այլք: Ահա, այս «աստղաբույլի» ֆոնին Սերժ Սարգսյանի ցուցմունքի հրապարակայնացումը, մասնակի արտահոսքը հուշում է ոչ ստանդարտ իրավիճակի մասին, որի ֆոնին էլ հենց հատկանշական ու հետաքրքիր է դառնում Սերժ Սարգսյանի «շախմատային» քայլն ու հայտարարությունը, թե ելույթ կունենա, երբ ժամանակը գա: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը արտահոսքը դիտարկել է «դավադրություն» իր դեմ, ինչին ի պատասխան էլ հայտարարում է, որ շարունակելու դեպքում արդեն կարող է ասել բաներ, որոնք բավականին խնդրահարույց կլինեն շարունակողների համար: Մյուս կողմից, նրա կարճատև շախմատային վերադարձը տեղի է ունենում Արցախում ծավալված երկու զուգահեռ գործընթացների ֆոնին: Մի կողմից արցախյան հարցի առնչությամբ ստեփանակերտյան պատմական նիստն ու վարչապետ Փաշինյանի հիմնարար ելույթը, մյուս կողմից՝ Արցախի նախագահի ընտրության գործընթացի փաստացի մեկնարկը, երբ հայտարարվում են թեկնածուների անուններ, անգամ գրվում է ֆավորիտների մասին, և անգամ Սերժ Սարգսյանի ֆավորիտի մասին, որը, ըստ մամուլի հրապարակումների, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն է:

Ի դեպ, հատկանշական է, որ վերջին օրերին, այդ թվում՝ ԱԽ համատեղ նիստի, Սերժ Սարգսյանն Արցախում էր: Ահա նաև այս համատեքստում է հետաքրքիր, որ երբ նա Արցախում էր, Երևանում փաստորեն եղավ նրա ցուցմունքի արտահոսքը: Ո՞ւմ էր Ստեփանակերտում խանգարում Սերժ Սարգսյանը, որ Երևանում «ստացավ» պատասխան հարվածը: Արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե՞ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Որովհետև դեռ պետք է պարզել, թե արդյո՞ք մամուլ Սերժ Սարգսյանի ցուցմունքի արտահոսքը եղել է ՀՔԾ-ից, թե՞, օրինակ, նախկին իշխանության որևէ բարձրաստիճան ներկայացուցչի պաշտպանական թիմից, որոնք հնարավորություն ունեն ծանոթանալ նախաքննության նյութերին, քանի որ այն ավարտվել է և մինչ դատավարական փուլի մեկնարկը տրամադրվել է կողմերին ծանոթանալու համար:

Բանն այն է, որ նախկին իշխող համակարգը գործնականում նկատելիորեն փորձում է Արցախի նախագահի ընտրության հնարավորությունն օգտագործել Հայաստանում կորցրած դիրքերը Արցախի ընտրության միջոցով վերագտնելու համար: Իսկ այն, որ նախկին իշխող համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը Սերժ Սարգսյանի հանդեպ անվստահությամբ էր լցված թե՛ նրա նախագահ լինելու ընթացքում, թե՛ առավել ևս նախագահի պաշտոնը հայտնի հայտարարությամբ թողնելուց հետո, այս ամիսների ընթացքում բավական տեսանելի է եղել մի շարք դրվագներում, ներառյալ երկրորդ նախագահի հարցազրույցներում տրված հետաքրքիր գնահատականների տողատակում:

Աղբյուրը` https://www.1in.am/2527782.html