Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս երգչուհի Յուլյա Նաչալովային (ուղիղ)

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս երգչուհի Յուլյա Նաչալովային, որը 38 տարեկանում սրտային անբավարարության հետևանքով մահացել է մոսկովյան կլինիկաներից մեկում:

Նաչալովային հուղարկավորելու են «Տրոյեկուրովյան» գերեզմանատանը, որին կից սգո սրահում հանգուցյալին վերջին հրաժեշտն են տալիս մտերիմներն ու բարեկամները, այնուհետև բոլոր ցանկացողները ևս կկարողանան ներս մտնել:

Ինչպես նշում է kp.ru-ն, գերեզմանատանը թոշակառուներն ավելի շատ են, քան երիտասարդները: Հավաքվածները՝ հիմնականում կանայք, անհամբեր սպասում են սիրած երգչուհուն վերջին հրաժեշտը տալու հնարավորությանը:

Նրանցից շատերը եկել են այլ քաղաքներից:

Սգո արարողությանը ներկա է նաև նրան վիրահատած բժիշկը:

Ռուսական շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովը, մեծ ծաղկեպսակներ են ուղարկել գերեզմանատուն:

gazeta.ru-ն հավելում է, որ Նաչալովային կհուղարկավորեն իր սիրած զգեստով, որը երգչուհին կենդանության օրոք «երջանկություն բերող» էր համարում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Նաչալովայի հայրը՝ Վիկտոր Նաչալովը, kp.ru-ի հետ զրույցում պատմել էր երգչուհու վերջին օրերի մասին: Նա ընդգծել էր, որ դստեր մահվան հարցում բժիշկներին չի կարելի մեղադրել, քանի որ նրանք արել են հնարավոր ամեն բան:

«Տեղի է ունեցել ուժեղագույն աբսցես՝ արյան վարակում. նրա սիրտը չի դիմացել: Այստեղ հարցը բժիշկների մեջ չէ, պարզապես մենք չափազանց ուշ նրանց դիմեցինք: Յուլյայի ոտքի մատին կոշտուկի պես փոքրիկ վերք կար: Շատ էր ցավում: Սկզբում նա ինքնուրույն էր փորձում բուժել, բայց երբ ոտքն ուռեց ու կարմրեց, շտապօգնություն կանչեցինք»,-պատմել էր հանգուցյալի հայրը:

Նա մանրամասնել էր, որ վիրահատությունից հետո երգչուհին իրեն շատ լավ էր զգում, շփվում էր ընկերների հետ ու կատակում, որ «անպայման երգելու է»:

Սակայն դրանից հետո արյան վարակում է տեղի ունեցել:

Նաչալովը մանրամասնել էր, որ դուստրն իրականում շաքարային դիաբետ և հոդատապ է ունեցել, ինչն էլ անորեքսիայի հետևանք էր: