ԵՊՀ-ում չարաշահումների գործով դեռևս կասկածյալներ չկան. ՔԿ

Գործը ծավալուն է, այս պահին դեռևս չկան կասկածյալներ, հետևաբար չկան նաև մեղադրյալներ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ում հայտնաբերված խախտումների հիման վրա հարուցված քրեական գործին:

«Այս պահին նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ չարաշահում կատարած անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ»,- նշեց Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2019 թ. սկզբին Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները ԵՊՀ-ում իրականացրել են ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են բուհում կատարված մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես, պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թթ. տարբեր ամիսներին փաստացի չի հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է:

Պարզվել է նաև, որ ԵՊՀ-ի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի՝ 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ:

Ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզվել է, որ համալսարանի հետ համագործակցած ընկերություններից մեկի փաստացի ղեկավարը համալսարանի ղեկավար պաշտոնատար անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու վերաբերյալ: Մասնավորապես, բուհի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք:

Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել:

Քրիստինա Բոյաջյան

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/21/Ysu/2953388