Փողի վրա նստած փող աշխատողները. բմբլահան արվող պետությունը

Հայաստանում բավականին մեծ ուշադրության է արժանացել օրինագիծը, որը վերաբերում է անօրինական սեփականությունը առանց դատարանի որոշման բռնագանձելուն: Խնդրի հանդեպ ուշադրությունը «բորբոքեց» նախկին կամ կասեցված ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, փորձելով այն ներկայացնել որպես «անիրավական» գործողության մտադրություն: Նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների այդօրինակ շարժառիթները այլևս միանգամայն հասկանալի և սպասելի են: Խնդրին արձագանքեց Կենտրոնական բանկը՝ հայտարարելով, որ դա նախ որևէ առնչություն չունի անցումային արդարադատության հետ, ու բացի դրանից էլ, առնչվում է Հայաստանի միջազգային մի քանի պարտավորության, որը ստանձնել ենք դեռևս նախորդ իշխանության շրջանից: Հարցին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած ասուլիսում: Սակայն այդ ասուլիսում կար խնդրի մեկ այլ անդրադարձ էլ, անուղղակի, սակայն թերևս առավել մոտ: Փաշինյանը, խոսելով Մեղրու Ազատ տնտեսական գոտու մասին, հայտարարեց, որ նախկին մի շարք պաշտոնյաներ այդ գոտու ստեղծումից առաջ սեփականացրել են հարակից տարածքները ծիծաղելի էժան գնով:

Ամեն ինչ առավել քան պարզ է: Լինելով իշխանության մեջ, մարդիկ, իսկ ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը մասնավորապես գնում է Կադաստրի կոմիտեի նախկին պետ Մարտին Սարգսյանի մասին, որը գործել է Հովիկ Աբրահամյանի անունից, քայլեր են ձեռնարկել շատ էժան գնով տարածքները սեփականացնելու ուղղությամբ: Շարժառիթը այն է, որ հետո այդ տարածքները շատ ավելի թանկ գնով կօտարվեն Ազատ տնտեսական գոտուն, քանի որ առանց դրա գոտին ուղղակի տարածք չի ունենա բնականոն գործունեություն ծավալելու համար: Այդօրինակ վիճակները, օրինակ, կարող են համարվել «լրտեսություն», երբ շահառուն, գիտենալով պետության պլանները, իր պլաններն է կազմում այդ պետության հաշվին փող աշխատելու համար՝ օգտագործելով պաշտոնական դիրքը: Այդպիսով, եթե պետությունը հանրային տարածքների վրա Ազատ տնտեսական գոտի կառուցելու համար պետք է ծախսեր իքս գումար, արդեն սեփականության կարգավիճակով տարածքները ձեռք բերելու համար պետք է ծախսի բազմապատիկ ավելին:

Կա մյուս տարբերակը՝ ապացուցել, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, իշխանական դիրքը չարաշահելով, ու բռնագանձել այն: Եվ առաջարկվող մեխանիզմը հարցի լուծման միջոցներից մեկն է: Ընդ որում, Մեղրու գոտին այստեղ օրինակներից մեկն է, որովհետև այդ առումով Հայաստանը գործնականում համատարած ապօրինի սեփականության գոտի է, երբ իշխանական դիրքը չարաշահելով յուրացվել են տարածքներ, որոնք սեփականաշնորհելը եղել է ապօրինի: Մամուլում հայտնվել է նաև Ծաղկաձորի անտառների հետ կապված աղմկոտ պատմությունը, որտեղ տարածքի կարգավիճակը փոխելով՝ սեփականատեր են դարձել Հայաստանի նախկին իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Իսկ խոսքը մի մեխանիզմի մասին է, որը կիրառական է միջազգային պրակտիկայում և ունի հենց այդօրինակ իրավիճակները հօգուտ հանրային և պետական շահի հնարավորինս արագ հանգուցալուծելու համար: Ընդ որում, խոսքը վերաբերում է դատարանի վճռով ապօրինի ճանաչվող սեփականությանը: Այսինքն՝ պետք է լինի դատարանի վճիռ, որպեսզի նոր միայն դրանից հետո գործի այդ օրենսդրական մեխանիզմը և արագանա գործընթացը:

Թե ինչու է նախկին իշխանությունը ստանձնել պարտավորությունը, բայց արագորեն ձեռնամուխ չի եղել օրենքի տեսք տալուն, հասկանալի է: Ի վերջո դա կլիներ օրենք հենց այդ իշխանության դեմ: Ըստ այդմ, հնարավորինս երկարաձգվելու էր դրա ընդունումը, մինչև խիստ որոշակիանար իշխանական համակարգի տրանսֆորմացիան 2017-18 փուլից հետո, հասկանալի լիներ, թե համակարգի որ թևն է մնում, իսկ որն է այսպես ասած գնում: Այդ օրենքը դրանից հետո լինելու էր «գնացող» թևի հանդեպ զսպման միջոց, ինչպես, ի դեպ, նաև ապօրինի հարստացման մասին օրենքը:

Աղբյուրը` https://www.1in.am/2526926.html