ԿԳՆ-ից ասում են`տնօրենին ազատելու հիմք չկա, ուսուցիչներն էլ վստահեցնում են՝ չեն աշխատելու նոր տնօրենի հետ. Ավշարի դպրոցում դասադուլն ու գործադուլը շարունակվում են

Փաստ է, որ աշակերտների իրավունքները ոտնահարվել են, ոտնահարվել են ծնողների և ուսուցիչների կողմից, որովհետև անկախ նրանից, թե ինչպիսի խնդիր կա, երեխաներին չպետք է ներքաշել դրանց մեջ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը` անդրադառնալով Ավշար համայնքի դպրոցի գործադուլին և դասադուլին:

«Ծնողն իր երեխային պարտավոր է Սահմանադրության համաձայն ուղարկել դպրոց` կրթություն ստանալու, ուսուցիչներն էլ ունեն պարտականություն, որը պետք է պատշաճ կատարեն: Միանշանակ, երեխաներին պետք չէ խառնել այս գործընթացին, եթե կա խնդիր, գոյություն ունեն իրավական լուծումներ, քննարկումներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մինչ օրս դասերը չեն վերականգնվել:

Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ այսօր եղել է Արարատի մարզպետարանում, որտեղ մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել նաև դպրոցի ամբողջ կոլեկտիվը: Նրա ներկայացմամբ՝ քննարկվել են բոլոր հարցերը, ուսուցիչների պնդումը մեկն է`տնօրենը պետք է չաշխատի:

ԿԳ ներկայացուցիչը կարծում է, որ տնօրենին ազատելու համար որևէ իրավական հիմք չկա: «Մեկ օրվա աշխատանքային գործունեություն ունեցող մարդու աշխատանքը չի կարելի այդպես գնահատել: Ես առաջարկել եմ, որ տնօրենն աշխատի. եթե ընթացքում կլինեն խնդիրներ, դրանց կտրվի իրավական լուծում: Այս պահին տնօրենի կողմից որևէ խախտում տեղի չի ունեցել, որին հետևի համապատասխան լիազոր մարմնի կողմից իրավական արձագանք տալու հիմք: Մնացածն արդեն միջանձնային հարաբերություններ են` նա ինձ սա ասաց, նա ինձ այն ասաց»,- նշեց նա:
Դիտարկմանը` ուսուցչական 35 հոգանոց կոլեկտիվը չի պատրաստվում աշխատել նոր տնօրենի հետ, հայտարարել են` աշխատանքից ազատվելու դիմում կգրեն, ստացվում է, որ ո՛չ մարզպետարանն ու ԿԳՆ-ն են հետ քայլի պատրաստ, ո՛չ էլ ուսուցչական կոլեկտիվը, նա արձագանքեց. «Ին՞չ անենք: Ազատե՞նք նոր ընտրված տնօրենին աշխատանքից, հիմքը ո՞րն է: Կա մարդ, որն օրինական ճանապարհով ընտրվել է, և մարզպետը՝ որպես գործատու, պետք է ազատի աշխատանքից, բայց հրամանում ի՞նչ է գրելու»:

Արշակյանը հավելեց, որ իրենք չեն պատրաստվում 35 հոգու ազատել աշխատանքից, իսկ ազատման դիմում գրելն էլ նրանց իրավունքն է: «Որևիցե նախարարություն կամ մարզպետարան մարդուն չի կարող պարտադրել աշխատանքից ազատման դիմում գրել կամ չգրել, դա անձի իրավունքն է, և որևէ մեկը չի կարող նրա սահմանադրական իրավունքը խախտել: Եթե անձը գտնում է, որ ինքն աշխատանքից ազատման դիմում պետք է ներկայացնի, որևէ մեկն իրեն չի կարող այդ հարցում խորհուրդ տալ»,- ասաց նա:

Ըստ Արշակյանի՝ տարբերություն չկա՝ մեկ մարդու իրավունք կխախտվի, թե մի քանի: «Կա տնօրեն, որն ընտրված է: Տարբերությունը ո՞րն է` մեկ մարդու իրավունք է խախտվել, թե մի քանի: Եթե այսօր մենք գնում ենք անօրինական ճանապարհով և ազատում ենք տնօրենին, որն ընտրված է, վաղը կարող ենք ուրիշների իրավունքը խախտել»,- նշեց նա:

Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ համաձայնություն իրենց և ուսուցչական անձնակազմի միջև չի եղել: «Անկեղծ ասեմ` համաձայնություն ձեռք չի բերվել, չեմ կարող ասել, թե վաղը նրանք ինչ կանեն: Դասընթացները չվերականգնվելու դեպքում, իրավիճակից ելնելով, լուծում կտանք հարցին»,- նշեց նա:

Ավշարի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանն էլ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը, նշեց, որ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, և ուսուցչական անձնակազմը վիրավորված կեսից դուրս է եկել մարզպետարանից:

«Մեզ մեղադրեցին դասադուլը կազմակերպելու մեջ: Մենք ասել ենք` չենք պատրաստվում այդ տնօրենի հետ աշխատել, 35 հոգով դիմում ենք գրելու, դուրս գանք: Տեսնեմ` մեկ օրում ոնց են այդքան մասնագետ գտնելու, որ դասապրոցեսն էլ վերականգնվի»,- ասաց փոխտնօրենը և հավելեց, որ այսօր դասերին մասնակցել է ընդամենը 15 աշակերտ:

Նա վստահեցրեց, որ եթե անգամ դասադուլը դադարեցվի, իրենք չեն շարունակելու աշխատել: Սիմոնյանը հավելեց, որ աշակերտների ծնողները ցանկացել են հանդիպել նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ, բայց նա չի համաձայնել, փակվել է իր սենյակում և դուրս չի գալիս այնտեղից:

Հիշեցնենք, որ երեկ ԿԳ նախարարին բաց նամակով էր դիմել Ավշար գյուղի ավագանին, իսկ ՄԻՊ գրասենյակից աշխատակիցներ էին գնացել Ավշար տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Ամալյա Առաքելյան

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/20/Avshar-school/2952859