Այս տարի 30 դպրոց կվերանորոգվի. ի՞նչ «նորամուծություն» է սպասում ԱԳԼՃԿ–ների զուգարաններին

Այս պահին Հայաստանում 5 դպրոցի շինարարություն է իրականացվում, որոնք սեյսմիկ առումով անկայուն վիճակում են։ Այսօր` մարտի 20-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա տեղեկացրեց, որ դպրոցների վերանորոգման ծրագիրը կյանքի է կոչվում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

«2019–ին նախատեսվում է շինարարություն սկսել սեյսմիկ առումով անկայուն 30 դպրոցում։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Հայաստանում նման 46 դպրոց կա»,–ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին նաև ԱԳԼՃԿ-ներում հասարակական զուգարանները բարվոք տեսքի են բերվում։ Պապիկյանի խոսքով` զուգարանները վերանորոգելը զբոսաշրջիկի աչքերով մեր երկրի մասին կարծիք կազմելու համար էական նշանակություն կունենա։

«ԱԳԼՃԿ–ների տարածքում գտնվող զուգարանների 99 տոկոսը ոչ բարվոք վիճակում է գտնվում, չնայած տնտեսվարողներն օրենքով սահմանված կարգով ուղղակի պարտավոր են նորմալ սանհանգույցներ ունենալ։ Նախատեսում ենք միջպետական և համապետական ճանապարհներին գտնվող ԱԳԼՃԿ–ների մոտ պաստառներ տեղադրել, որտեղ նշված կլինի, որ տարածքում զուգարան կա»,–ասաց Պապիկյանը։

Նախարարը նշեց, որ սուբվենցիայի շրջանակում տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը 2018–ին կառավարության կողմից տրամադրվել է 1 մլրդ 620 000 դրամ։ Այս ընթացքում, նրա խոսքով, իրականացվել և նախատեսվում է իրականացնել ասֆալտապատման բնագավառում 51, խմելու ջրի` 13, կոյուղու 3, ոռոգման` 7, տեխնիկայի ձեռքբերման` 8 ծրագրեր և այլն։