Արցախին աբխազացման վտանգ չի սպառնում. «Իմ քայլի» պատգամավորը հակադարձում է Սեֆիլյանին

Արցախի վերադարձը բանակցային սեղան չի դրվել որպես վերջնագիր, և Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է բանակցային գործընթացը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա խոսքով, այստեղ խնդիրն այլ տիրույթում է, թե ինչ ենք մենք բերում օրակարգ. «Այդ օրակարգի հարցերից մեկը Արցախի վերադարձն է բանակցային սեղան և դրա վերաբերյալ մեր փաստարկները։ Մյուս խնդիրները վերաբերում են ավելի ընդհանրական, փոխվստահության մեխանիզմների խորացման անհրաժեշտությանը և դրան ուղղված քայլերին»,-ասաց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսում ևս մեկ անգամ հստակեցրել է, որ մենք ոչ թե առաջարկում ենք բանակցային ֆորմատի փոփոխություն, այլ լիարժեք ձևաչափի վերականգնում. «Որովհետև ի սկզբանե այս գործընթացը եռակողմ է եղել և դրա երկկողմ դառնալը, չեմ կարծում, որ որևէ դրական արդյունքի է հանգեցրել։ Ավելին, հեռացրել է խնդրի լուծումը»,-ընդգծեց «Իմ քայլի» պատգամավորը։