«Գոնե թող պարզաբանեն, թե որտեղի՞ց այս թվերը». տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների ներկայացուցիչների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց հերթական անգամ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել տարադրամի փոխանակման կետերի և գրավատների ներկայացուցիչները: Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Երեկ, առանց մեր ներկայացուցիչների, կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել, քննարկել են մեր հարցը և, ըստ տեղեկությունների՝ Կենտրոնական բանկը բացառել է որևէ փոխզիջում: Պնդել են, որ սահմանված 3 միլիոն դրամն օրինական ու օբյեկտիվ է: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է պետական տուրքը բանկի մասնաճյուղի դեպքում բարձրանալ ընդամենը 1.5 անգամ, բանկերի դեպքում՝ 2.3, իսկ մեր դեպքում՝ 6000 տոկոսով: Փաստորեն, ԿԲ-ն առայժմ անդրդվելի է, ինչպես հասկանում ենք՝ Կառավարությունում մեզ լսող չկա, բայց այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու քննարկում այս հարցի շուրջ, որտեղ ներկա են լինելու մեր ներկայացուցիչները: Կոնկրետ խնդրում են, որպեսզի թողնեն՝ աշխատենք: Մենք պարտաճանաչորեն բոլոր վճարումները կատարում ենք, հարկ ենք վճարում մոտ 300.000-500.000 դրամի չափով»,- ասաց տարադրամի փոխանակման կետի ներկայացուցիչ, անհատ ձեռնարկատեր Սամվել Մովսիսյանը:

«Գիտեինք, թե նախկին իշխանություններն ինչ ճանապարհով էին վերարտադրվում,  իսկ ներկայիս իշխանությունը մերն է, ու պարտավոր են մեզ լսել, հաշվի նստել: Գոնե թող պարզաբանեն, թե որտեղի՞ց այս թվերը: Ոչ ոք ստվերով չի աշխատել, որովհետև հսկողություն է եղել Կենտրոնական բանկի կողմից: Մենք 180 օրվա տեսաձայնագրություններ ենք պահում, որոնք տանում է Կենտրոնական բանկը, այսինքն՝ ստվեր գոյություն չունի: Սա հին նախագիծ է, նախկին իշխանությունների ժամանակ էլ կար, բայց պայքարեցինք ու կասեցրեցինք»,- նշեց գրավատների ներկայացուցիչը:

Գրավատների ներկայացուցիչներն առաջարկում են, որպեսզի իրենց հետ քննարկում լինի, մեկ հայտարարի գան, հակառակ դեպքում՝ վնասով են աշխատելու:

«Դեմ չենք, թող բարձրացնեն, բայց դա թող խելամիտ լինի, ոչ թե դիտավորյալ այնպես անեն, որ փոխանակման կետերն ու գրավատները փակվեն: Սա միայն բանկերին է ձեռնտու»,- ընդգծեցին նրանք:

Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով գրավատների պետական տուրքն ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝ 100.000 դրամից դառնալով 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի դեպքում էլ՝ 50.000-ը դառնալու է 3 միլիոն դրամ:

Անի Կարապետյան

Աղբյուրը` https://168.am/2019/03/20/1097203.html